Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանն այսօր armlur.am լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ սիրիահայերի մեծ մասը կայացել է բիզնես ասպարեզում, սակայն նրանց մի մասը դժվարանում է մարել վերցրած վարկերը:
-Պարո՛ն Կարապետյան, եթե սիրիահայերի մեծ մասը կայացել է բիզնես ոլորտում, ինչո՞ւ են դժվարանում մարել վարկերը:
-Մեր կողմից ֆինանսավորված սիրիահայերից 4-ն ունի միայն նման խնդիր, իսկ 56 սիրիահայ նման խնդիր չունի: Եթե հաշվի առնենք, որ սկսնակ գործարարներ են, դա նորմալ թիվ է: Եթե վարկ մարելը կապված է շուկայական վիճակի հետ, ապա փորձում ենք մարման գրաֆիկները: Իսկ եթե գումարը վերցրել են, ոչինչ չեն արել, միջոցներ պետք է ձեռարկենք, գումարը ետ բերենք:
–Բայց եղե՞լ են նման դեպքեր:
-Այո, բայց սա իրավիճակ է, որը բնորոշ է նաև մեր գործարարներին:
Զրուցեցինք նաև սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանի հետ`պարզելու՝ սիրիահայերն ինչ չլուծված խնդիրներ ունեն:
Տիկին Հալաջյանի խոսքով` աշխատանքի և բնակարանի խնդիրներն են, որոնք հուզում են սիրիահայերին: Աշխատանք սիրիահայերի մեծ մասը գտել է, իսկ ահա բնակարանի խնդիրը մեծ մասամբ լուծված չէ: «Սիրիահայերի մեծ մասը վարձով է բնակվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի աջակցությանը, Լենա Հալաջյանի խոսքով` Հայաստանն իր ուժերի ներածին չափով աջակցում է սիրիահայերին:
«Իհարկե, եթե համեմատենք այլ հզոր երկրների հետ, ապա այդ ֆոնի վրա համեստ է օգնությունը, բայց մեր երկիրն էլ իր հնարավորության չափով է անում»,- մանրամասնեց սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավարը:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Դավթյան