ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԽՈՇՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի:

 

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել.

«Իրավիճակը լավ չպատկերացնելու եւ ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։

Մենք գիտենք «Գնթունիքի» «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել՝ Երեւանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա։ Անգամ երբ լուսանկարվում ենք հուշահամալիրի մոտ, միեւնույնն է՝ չգիտենք իրականում, թե դա ինչ կռիվ էր, ինչ էր այդ ժամանակ կատարվում տարածաշրջանում, ինչ էր Թուրքիան, ուր էր գնում նրա բանակը Ապարանով, ինչ էր Ռուսաստանը, ինչ էինք մենք։

Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ։

Եթե ուժ չենք գտնում փոխելու այս իշխանությունը, չենք ուզում փոխել կամ ավելին՝ խոնարհվում ու սպասարկում ենք նրան, ապա պետք է գոնե խնդրել՝ ուժեղացնել քաղպաշտպանության համակարգը՝ ռմբապաստարաններ, իրազեկման համակարգեր եւ այլն, որովհետեւ այս ընթացքը այլ ելք չի ենթադրում։

Չորս կողմից մեզ զգուշացնում են՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, որ վտանգավոր բան եք անում։ Իսկ մենք ոչ մի ռացիոնալ բան չենք անում, ոչ մի նպատակ չենք դնում, ոչ մի բանակցային իդեա չունենք։ Տհաս անչափահասի նման բոլոր առաջարկները մերժում ենք ու բոլորի համար ստեղծում լուրջ պրոբլեմներ։ Պարզ չէ՞՝ վերջը ոնց է լինելու։ Երեւանը չի ձեւակերպում իր գրագետ հաշվարկված շահը, բայց բոլորի շահերի հետ հակադրվում է. իսկ պարտված հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ոչ էլ՝ ապագա։ Ուզում է միայն կենցաղ ու անվտանգություն, որն էլ հենց չի լինելու։

 

Հետեւություն

Լայն հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը, եւ պայքարի հստակ նարատիվը. «ընդվզի՛ր, որ լինի խաղաղություն»։ Այս ընթացքը տանում է աղետի։

Հարթակը պետք է դառնա առավելագույնս ռացիոնալ եւ հստակ ձեւակերպի իր նպատակը. Դեէսկալացիա երկրի ներսում, դեէսկալացիա՝ երկրի սահմաններին։

Դեէսկալացիա երկրի ներսում՝ նշանակում է ներքին հաշտության ու բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, դեէսկալացիա երկրի սահմաններին՝ նշանակում է ակտիվ գրագետ արտաքին քաղաքականությամբ ու դաշնակիցներով լուծումներ, որոնք բացառում են պատերազմը։

Այս երկու կետերը ենթադրում են բազմաթիվ ենթակետեր ու տեխնիկական աշխատանք։ Հենց նման հարթակն է դառնալու հետպատերազմյան նոր լիդերություն, որը համախմբելու է բոլոր առողջ ուժերին, բոլոր ունակներին», – գրել է նա։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՍԴ-Ի ԴԻՄԱՑ

Օրերս Սահմանադրական դատարանի առջեւ լարված իրավիճակ էր։ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քաղաքացիները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, իրենց ձեւակերպմամբ՝ հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։

ՍԴ-ի դիմաց թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ ոստիկանների միջեւ։ Գառնիկ Դանիելյանը պնդում էր, որ իրեն ոստիկանները վիրավորել են, իսկ նա հորդորել է, որ իր հետ պատշաճ խոսեն։ Ոստիկաններն էլ հավաքի մասնակիցներին կոչ էին անում հետ գնալ ու լեզվակռիվ չանել իրենց հետ։

Մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Բաղրամյան պողոտան, իսկ մինչ ՍԴ-ի մոտից հեռանալը՝ նրանք թերթիկներ թողեցին այնտեղ՝ «դատավո՞ր, թե՞ ծառա» գրությամբ:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, դատախազության մոտ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

2024 թվականի ապրիլի 19-ին կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ կրճատվում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Թեթեւ աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների եւ գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել այլեւս չի լինի։ Գործադիրը հիմնավորում է, թե այս խստացմամբ փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։

Երեկ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել։ Վերջինս այս ամառ էր զորակոչվել բանակ, ասել է թե՝ մի քանի ամսվա ծառայող էր։ Դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքում։ Ավելին՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել եւ որոշակի սահմանափակումներով է ծառայության մեջ ընդգրկվել։

Դեպքով կատարվում է քննություն։

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մաիս Բարխուդարովը հաստատել է տեղի ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, որը վկայում է նրան պաշտոնից ազատելու մասին։

Բարխուդարովը լրագրողներին ասել է, որ պաշտոնից ազատվել եւ ուղարկվել է պաշտպանության նախարարության տրամադրության տակ։ Գեներալը հայտնել է, որ «ոչ մի հիասթափություն» այս որոշման հետ կապված չի զգում։ «Որոշումն ընդունվել է, եւ ես ներկայում նախարարության տրամադրության տակ եմ անցել»,- ասել է Բարուդարովը։ Նա նաեւ նշել է, որ տեղեկություն չունի նոր պաշտոնի նշանակման մասին։

 

 

ՀԱՅՏՆԵԼ Է ՉՎԵՐԹՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչեւ առավոտյան 6:00-ն, որոշ թռիչքներ կդադարեցվեն երկրի ողջ տարածքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Ջաֆար Յազարլոն կիրակի երեկոյան տեղեկացրել է, որ թռիչքների կասեցումները տեղի կունենան գործառնական սահմանափակումների պատճառով։

Նա խորհուրդ է տվել ուղեւորներին ստուգել իրենց թռիչքների չվացուցակները համապատասխան ավիաընկերությունների հետ եւ հաստատել իրենց ճամփորդական ծրագրերը մինչ օդանավակայան մեկնելը:

 

 

ՏԱՐԲԵՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը Իսրայելի վարչապետին զգուշացրել է կրակի հետ խաղալու մասին՝ հայտարարելով, որ Իրանը մի շարք սցենարներ է մշակել՝ իր թշնամիներին դիմակայելու համար։

«Ալ-Ալամ» լրատվական ցանցին տված հարցազրույցում փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին ասել է, որ Իրանը լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած սցենարի, քանի որ Թել Ավիվն ուժգնացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին իր հռետորաբանությունը։

Ընդգծելով տարածաշրջանում նորմալ կամ արտակարգ իրավիճակներում Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեի կողմից Իրանի բացարձակ պատրաստվածության եւ զգոնության մասին շեշտադրումները, նա  հավաստիացրել է, որ  այդ առումով պատրաստականության տարբեր միջոցառումներ են մշակվել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Իրանը սցենարներ ունի յուրաքանչյուր իրավիճակի համար, որոնցից մեկը ներառում է ապագա միջադեպերի հետ կապված արտակարգ իրավիճակների ծրագիր: «Մենք մշակել ենք հակառակորդի հետ բախման մի շարք սցենարներ»,- պարզաբանել է Ալի Ռեզա Թանգսիրին:

 

 




Լրահոս