«Դոմուս» առեւտրի կենտրոնը հիմնած «Դեկորա գրուպ» ընկերության նկատմամբ 2024 թվականի տարեսկզբին վարույթ է հարուցվել, եւս 2 վարույթ հարուցվել է ընկերության սեփականատեր Արմեն Մուրադյանի առնչությամբ։ Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի դեմ նախորդ տարի կիրառվել էր վարչական տույժ։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2024 թվականին «Դեկորա գրուպ» ընկերությունում տարեկան ստուգումների ծրագրով այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված էր իրականացնել ստուգում։ Սակայն տեսչական մարմինը չհասցրեց անցնել գործի, 4-րդ եռամսյակի մեկնարկին զուգահեռ երեկ հրդեհ բռնկվեց «Դեկորա գրուպ» ընկերությանը պատկանող «Դոմուս» առեւտրի կենտրոնի ամենամեծ պահեստային մասնաճյուղում։
«Դեկորա գրուպ» ՍՊԸ-ից հարուցված վարույթի արդյունքում հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 319 հազար 240 ՀՀ դրամ, որից 310 հազար 39 ՀՀ դրամը՝ որպես պետական պարտքի գումար, 3 հազար ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 6 հազար 201 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արմեն Մուրադյանի դեմ հարուցված 2 վարույթները Երեւանի քաղաքապետարանի կողմից են հարուցված 10 օրվա տարբերությամբ՝ հուլիսի 9-ին եւ 19-ին։ Արմեն Մուրադյանից առաջին վարույթի շրջանակում հօգուտ Երեւանի քաղաքապետարանի գանձվել է 100 հազար ՀՀ դրամ, իսկ 2-րդ վարույթով՝ 700 հազար դրամ։
Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին կիրառվել էր վարչական տույժ՝ 10 հազար դրամ հօգուտ պետական բյուջեի հաշվի։
«Դեկորա գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմելը է 115 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ «Դոմուս» առեւտրի կենտրոնում հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել։
«Այս պահի դրությամբ մենք հաղորդում չենք ստացել հրդեհ դիտավորությամբ առաջացնելու կամ, այսպես ասած, հրկիզման վերաբերյալ։ Նաեւ որեւէ տեղեկություն իրավասու մարմիններից կամ անհատ քաղաքացիներից չենք ստացել տուժածների, վնասվածք ստացածների կամ զոհերի վերաբերյալ, որոնք պարտադիր պայման են տվյալ դեպքում՝ վարույթ նախաձեռնելու համար։ Հետեւաբար, այս պահի դրությամբ քրեական վարույթ չկա նախաձեռնված. որ պահին կունենանք նման տվյալներ՝ կստանանք դրանք փրկարար ծառայությունից կամ ոստիկանությունից, կամ որեւէ այլ սուբյեկտից, այդ դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու հարցը կլուծվի», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների քանակը՝ ըստ հանցատեսակների։
Այսպիսով, 2023 թվականին գրանցվել է ընդհանուր 40.666 հանցագործություն, որից ոչ մեծ ծանրության է 18.905-ը, միջին ծանրության՝ 13.913-ը, ծանր՝ 6.169-ը, առանձնապես ծանր՝ 1.679-ը։
Հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 94 դեպք։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 37.612 դեպք, ինչը փաստում է, որ 2023 թվականին հանցագործությունների թիվն աճել է 3.054-ով։
2023 թվականի տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 7.138 դեպք, այդ թվում՝ 1.187 սպանություն, որից առանց հանկարծամահերի գրանցվել է 55 դեպք։
Սպանության փորձ տեղի է ունեցել 65 անգամ, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 19, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 1.062 դեպք, որից 240-ը՝ ծանր։
Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը 2023 թվականի կազմել են 176, որից 98-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԵՐԳԻՉ ԱՐԱՄԵԻ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։
«Արամե մյուզիք հոլ» ակումբից տղամարդ էին տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկաններն ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են Երեւանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արեւշատյանին եւ 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Ա. Արեւշատյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արեւշատյանի որդին է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նշված միջադեպի գործով հայտնի, ՌԴ-ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արեւշատյանի որդին է ձերբակալվել, ապա ազատ է արձակվել:
Ազատ արձակվելուց հետո՝ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ծեծի հատկանիշներով, եւ մինչ օրս որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա։
«Ժողովուրդ» օրաթերթ լրատվականը դեպքի վայրում էր՝ հասկանալու, թե ինչ է կատարվում «Արամե մյուզիք հոլ»-ում, սակայն դեպքի վայրում ArmLur.am-ը պարզեց, որ հայտնի երգչի ակումբը միջադեպից հետո իրավապահները կապարակնքել են, ու, ինչպես տարածքում գտնվող անձինք էին ասում, դեպքը բավականին լուրջ է եղել ու դրանից հետո ակումբը փակել են:
Ըստ ականատեսների՝ երգիչը հաճախ է գալիս ակումբ, սակայն դեպքից հետո չեն տեսել երգչին: Փաստ է մեկ բան՝ հայտնի երգչի ակումբից դանակահարված քաղաքացու են տարել հիվանդանոց, իսկ մինչ օրս որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Ուստի հարց է առաջանում՝ ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները՝ հայտնի պաշտոնյայի որդո՞ւն, թե՞ երգիչ Արամեին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ