Երեկ ՀՀ դատախազության առաջ «Սրբազան պայքար»-ը ակցիայի էր հրավիրել իր աջակիցներին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազին պետք է փոխանցվեին նամակներ հանցագործության վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթը դատախազության շենքի դիմաց զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ՝ կատարվելիք իրադարձությունների վերաբերյալ։
-Տիկի՛ն Եսայան, այսօր Սրբազանի հայտարարության համաձայն՝ պահանջ է հնչում քրեական գործեր հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ: Ի՞նչ եք կարծում, արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու դեպքում որեւէ բան կփոխվի՞:
-Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործեր ո՞վ պիտի հարուցի: Այսօր դատաիրավական ողջ համակարգն ու արդարադատությունը ենթարկվում է մեկ անձի եւ այդ անձը երկիրը թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն է: Ես բացարձակ լավատես չեմ, ոչ էլ այնքան միամիտ, որ մտածեմ, թե այսօր Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորները կամ դատական համակարգը կարող են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ: Դա վստահաբար կլինի, սակայն իշխանափոխությունից հետո, եւ իշխանափոխությունից հետո մի քանի տասնյակ հոդվածներով Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի արդարադատության առջեւ:
-Առհասարակ այսօրվա հավաքից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Այսօրվա, եւ առհասարակ բոլոր հավաքները մի բանի մասին են. Հայաստանի Հանրապետությունում կա հասարակության մի ստվար զանգված, որը չի համակերպվում դավաճան իշխանությունների վարած քաղաքականությանը, չի համակերպվում երկիրը թշնամուն հանձնելու այս խայտառակ բեմականացմանը, չի համակերպվում նրան, որ մեր բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի, որը չի համակերպվում Արցախի կորստի եւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու հետ, որը չի համակերպվում Նիկոլ Փաշինյանի ստրկամիտ, պարտվողական եւ դավաճան քաղաքականությանը եւ հասարակության ստվար զանգված ուզում է պայքարել, որ երկրում իշխանափոխություն լինի եւ վերոնշյալ արդարադատությունը պահանջներ ներկայացնի Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների նկատմամբ: Այսօր մենք գտնվում ենք ոչ թե վատ իրավիճակում, այլ ողբերգության մեջ: Համայն հայությունը, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ բռնի տեղահանված արցախահայությունը ողբերգության մեջ են: Այս ամենի պատասխանատուն միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է:
Այս եւ նախկին բոլոր հավաքները մեկ նպատակ ունեն՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությունում վերականգնել սահմանադրական կարգը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նման դավաճանը չհամարձակվի ասել, որ Անկախության հռչակագիրը կարող է լինել ոչինչ, Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» Սահմանադրական դատարանը հայտարարի, որ սահմանազատման այդ խայտառակ թուղթը կարող է հանկարծ ավելի բարձր լինել, քան Անկախության հռչակագիրը:
Այսօր (խմբ.) հայտարարել է, որ եթե մեր Սահմանադրությունը խանգարի խաղաղության պայմանագրին, ապա պատրաստ է փոխել այն: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Նա հստակ ասում է. «Ես թուրք եմ եւ անելու եմ այն ամենն ինչը հաճո է թուրքին»:
Այդ մարդը բացահայտ ասում է, որ երկիրը տալիս է թուրքին եւ ո՛չ հռչակագիրը, ո՛չ Սահմանադրությունը արժեք չունեն՝ միայն թե մնա այդ աթոռին: Նա Ալիեւին եւ Էրդողանին հստակ հասկացնում է, որ կանի ամեն բան, միայն թե մնա աթոռին, ճանապարհորդի, լինի իշխանության ղեկին:
Նիկոլ Փաշինյանն այսօր ոչինչ է արտաքին քաղաքականության մեջ, թե՛ գլոբալ արտաքին քաղաքականության, թե՛ Ալիեւ-Նիկոլ, Էրդողան-Նիկոլ, Ալիեւ-Նիկոլ-Էրդողան քաղաքական հարաբերություններում: Նա այստեղ զրո է, եւ անելու է ու անում է այն ամենն ինչ իրեն ասվում է:
Նա հստակ նշում է, որ ոչինչ դարձած բանակով մեկ ամսում կավարտի ամեն բան, ոչ ոք չի կռվի իրենց դեմ եւ կգնա արտահերթ ընտրությունների, իսկ Ալիեւը դրան զուգահեռ պնդեց, որ ոտքով հասնելու է Հայաստան: Հետեւաբար, հիմա Նիկոլն ինչ էլ ասի՝ զրո է:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ