Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով․ ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով հնարավոր կլինի մուտք գործել ՀՀ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց եւս մեկ տարով երկարաձգել Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց (արցախցիների) կարգավիճակը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ: Բացի այդ, նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Ներկայումս 070 ծածկագրով անձնագիրը և փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս և Հայաստանի մուտք գործելիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։

Նախագծով նախատեսվում է, որ 070 ծածկագրով անձնագիրը և փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս շարունակում է արդիական մնալ, և դեռևս շարունակվում են վկայականի ստացման դիմումների ընդունումը,այս որոշմամբ նախատեսվում է փախստականի կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Միաժամանակ, նախատեսվել է դրույթ, համաձայն որի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի վավերականության ժամկետը նախատեսվում է նշել հատուկ համարանիշում (արագ արձագանքման կոդում), ինչը թույլ կտա ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականում ժամկետը երկարաձգել՝ առանց նոր վկայական տպագրելու, ինչն էլ կկրճատի ծախսերը։




Լրահոս