ԻՆՉՈՒ՞ ԲԱՔՈՒՆ COP29-Ի ՀԱՄԱՐ ԱՐԺԱՆԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:

 

Կովկասի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ահմադ Քազեմին օրերս «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հստակ մատնանշել է, թե ինչու այդ համաժողովը չպետք է անցկացվի Բաքվում: Փորձագետը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացվում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում եւ լուրջ առաջընթաց ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբավ ու փորձ ունի: Փորձագետը նկատել է, որ Բաքվի նավթային արդյունահանումների հետեւանքով Կասպից ծովում վտանգված է բուսական ու կենդանական աշխարհը:

Փորձագետը նշել է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերված միջուկային թափոնները՝ յուրաքանչյուր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:

«Կոյուղային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքու եւ Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա քաղաքային, կենցաղային եւ արդյունաբերական չմշակված թափոններ են լցվում Կասպից ծով, իսկ Նախիջեւանից էլ՝ Արաքս գետը»,- շարունակել է Քազեմին։

Բացի դրանից՝ փորձագետը մատնանշել է, որ շրջակա միջավայրի պաշպանության շուրջ Բաքվի հնչեցրած մտահոգությունները ձեւական ու ցուցադրական բնույթ ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նվազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նավթարդյունահանմանը:

Քազեմին խոսել է նաեւ Ադրբեջանի Սոյուդլու գյուղի էկոլոգիական խնդիրների եւ դրանք բարձրաձայնող գյուղացիների նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների մասին: (Ավելի մանրամասն՝ «COP29-ը եւ Բաքվի ցինիզմը» հոդվածում):

Ըստ փորձագետի՝ ամենամյա այդ համաժողովները միայն «շրջակա միջավայրի պաշտպանության» մասին չեն, այլեւ՝ «մարդու իրավունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենքները, այլեւ մարդու իրավունքները: Այս համատեքստում նա հիշատակել է շիա հավատացյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագետը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քողարկել միջազգային միջոցառումների անկացմամբ, ինչպես, օրինակ, «Ֆորմուլա 1»-ն է:

«Ներկայում Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպես գործիք՝ աշխարհի, հատկապես արեւմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա եւ խախտեց 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով ավելի քան 120.000 բնիկ հայերի զանգվածային տեղահանության ու բռնագաղթի եւ ոտնահարելով նրանց ունեցվածքի, պատմական, մշակութային եւ կրոնական իրավունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը եւ հյուրընկալելով մոտ 80.000 մարդու եւ ցույց տալով խաղաղ դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական եւ կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը եւ նրա շրջակա տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գոտիներ»,- գրել է Քազեմին։

Նա հավելել է, որ Արցախը զավթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արեւմտյան Ադրբեջան» եւ հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագետի գնահատմամբ, աղետաբեր է լինելու նաեւ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: «Այս ֆոնին՝ Բաքվի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային օրենքների նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Քազեմին:

Որպես վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքվում է անցկացվում Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման համար արժանի հյուրընկալ չէ։

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ՞

Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձեւը։

 

Դաշնային խորհրդի կողմից ընդունվելուց հետո բանաձեւը կքննարկվի նաեւ խորհրդարանի վերին պալատում։

Համաժողովի նպատակը կլինի «դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկվել է հայ բնակչությունից։

«Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին 1915 թվականին հայերի դեմ իրագործվեց՝ բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում տեղի են ունենում փաստագրված էթնիկ զտումներ. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները, սիստեմատիկորեն ոչնչացվում կամ ձեւախեղվում են՝ «վերանորոգման» անվան տակ:

Չնայած այս լուրջ իրադարձություններին, Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու եւ ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը: Միջազգային հանրությունը բազմիցս հանդես է եկել որոշակի դիրքորոշմամբ։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը»…Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձեւաչափի անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

 

 




Լրահոս