«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ-ԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼՈՒ». ՕՍԿԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու եւ, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանում որեւէ հակընդդեմ պահանջ ներկայացնել:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախկին ԱԳՆ-ն մասնավորապես անդրադարձել է. «Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հնչեցրած մի ելույթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, եւ միեւնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ սա աբսուրդ ձեւակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։

Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի եւ իր իսկ ձեւակերպմամբ «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։

Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։

Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։ Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո՝ տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես «այո», բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։

Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք՝ հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք, ի տարբերություն քո թիմի, գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։ Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։

Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու եւ, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որեւէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։ Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի եւ ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւն է։ Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։

Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձեւավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»,- գրել է Օսկանյանը:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՖԻՐԴՈՒՍԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

33-րդ թաղամասը՝ Ֆիրդուսի թաղամասը, նոր ձեռքբերող ունի` «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն, կառավարությունը լիազորել է Երեւան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։

«Լիազորել Երեւանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Էլիտ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երեւան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր»,- ասվում է Կառավարության օրակարգային հարցի նախագծում։

Համաձայն Կառավարության որոշման հիմնավորման՝ պայմանագիրը կնքելուց հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ ձեռք բերող ճանաչելով արդեն «Էլիտ Հոլդինգ» ընկերությանը եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով Երեւանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ սեյսմակայուն բնակելի ֆոնդը։ «Երեւանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» կառավարության որոշման  նախագծի փաթեթի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների շարքից հստակ հասկանում ենք, որ Տիգրան Ավինյանին լիազորելու հարցում մեղմ է եղել ՀՀ ֆինանսների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը չի ընդունել այս որոշումը ի գիտություն։

Մասնավորապես, արդարադատության նախարարությունը չի համաձայնել, քանի որ պնդել է հստակեցնել, թե ՀՀ կառավարությունը Երեւան քաղաքի 33-րդ թաղամասին հարող կոնկրետ որ տարածքների (հասցեների) մասով է լիազորում Երեւանի քաղաքապետին պայմանագիր կնքել «Էլիտ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Հարկ է նշել, որ 2018 թվականին թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիրը խզվել է, քանի որ սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:




Լրահոս