Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է քրեականացնել ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը:

Փոփոխվող հոդվածներից մեկն էլ հետեւյալն է՝ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու, կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։

ԸՕ համապատասխան փոփոխություններից հետո վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար: Դեռ 2022թ.-ից նախաձեռնված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել, առաջին ընթերցմամբ քննարկվելու է նաեւ այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցումից հետո ՔՊ-ն հանրային լսումներ է նախաձեռնելու, որից հետո այն արդեն երկրորդ անգամ կքննարկվի եւ կքվեարկվի ԱԺ-ում:

Խորհրդարանականներն այս նստաշրջանի ընթացքում նաեւ ՀՌՀ անդամ եւ դատավորներ կընտրեն:

ՀՌՀ անդամի առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանն է:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ Գուրգեն Մալխասյան, Վիգեն Քոչարյան եւ Ատոմ Հայրապետյան, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս