10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդու չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:

Պատահարների զգալի մասի պարագայում ՃԵԿ կանոնների խախտումները տեղի են ունեցել մոպեդի վարորդների կողմից։

Նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ վթարների մասնակից մոպեդների զգալի մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ, ովքեր չեն ունեցել ՀՀ-ում գործող վարորդական վկայական: Ընդ որում, տվյալ երկրում ստացված ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելն արգելվում է, քանի որ այդ երկիրը չի վավերացրել համապատասխան միջազգային կոնվենցիան:

Բացի այդ, քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի վարորդները մոպեդներով իրականացրել են հիմնականում առաքման ծառայություններ՝ հանդես գալով որպես ՀՀ-ում առաքման ծառայությունների ոլորտի ընկերությունների աշխատակիցներ։

Ըստ այդմ՝ առկա է անհրաժեշտություն պարզելու՝ արդյոք այդ ընկերությունների աշխատակիցները (վարորդները) կամ այդ ընկերությունների անվամբ իրականացվող առաքումները երկանիվ տրանսպորտային միջոցներով իրականացնող վարորդ-առաքիչները պատշաճ գրանցվա՞ծ են որպես ընկերության աշխատակից և աշխատանքի ընդունվելիս վերջիններս այդ ընկերություն ներկայացնո՞ւմ են արդյոք տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը հավաստող և ՀՀ-ում գործող համապատասխան վարորդական վկայական:

Ելնելով վերոգրյալից, ՃՏ պատահարների, հանցագործությունների նախականխման նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կողմից համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել իրավասու երկու պետական մարմիններ՝ մի դեպքում քննարկելու նշված տրասնպորտային միջոցը վարելու համար փաստաթղթերի առկայությունը ստուգելու, դրանց բացակայության դեպքում անձանց կողմից հետագա վարելն արգելելու, տրանսպորտային միջոցն անհապաղ սեփականատիրոջը, կամ օրինական տիրապետողին հանձնելու, կամ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, մյուս դեպքում՝  համապատասխան ընկերություններում մոպեդներով առաքում իրականացնող աշխատակիցների գրանցված լինելու, նրանց կողմից ՀՀ-ում այդ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի առկայությունը ստուգելու հանգամանքները պարզելու հարցերը և ձեռնարկելու դրանցից բխող անհրաժեշտ միջոցներ։




Լրահոս