ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը «3+3»-ը չի համարում Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ․ Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«3+3» ձևաչափը որպես Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում:

Այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն–ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ:

«Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին դրված: Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել: Որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ ընդ որում բոլոր ուղղություններով՝ և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի շուրջ, և հարաբերությունների կարգավորման»,–ասաց Միրզոյանը:

Նա հավելեց՝ այլ բան է, որ ինչպես բազմակողմ տարբեր միջոցառումների ընթացքում, այնպես էլ «3+3»–ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներն ու բանակցություններն են ունենում: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս այդ հարթակում բանակցություններ են անցկացրել: «Մենք կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել և մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,–նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս