ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է 2024-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի՝ բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։

 

2023 թվականի համար պարտավոր էին հայտարարագիր ներկայացնել

ա) հանրային ծառայողները,

բ) այն անձինք, ովքեր բիզնեսով են զբաղվում՝ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, փոքր եւ միջին  բիզնեսը դեռ չի մտնում այս ցանկում,

գ) այն մարդիկ, ովքեր բանկում փոխառություններ ունեն, օրինակ՝ հիփոթեքային վարկեր են վերցրել՝ 20 մլն դրամից ավելի։ Այդ երեք խումբն է 2024-ին 2023-ի համար հայտարարագիր են ներկայացրել»։

2024 թվականի համար պետք է 2025 թվականի հունվարի 1-ից հայտարարագիր ներկայացնեն բոլոր աշխատողները, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։

Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար։ ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքից տեղեկանում է՝ կա 2 տարբերակ։

 

Տարբերակ առաջին

Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝

ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

Նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։

Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ եւ Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։

Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կայք։

 

Տարբերակ երկրորդ

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝

ունենալ մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN եւ PUK ծածկագրեր:

Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաեւ ձեռք բերել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից։

Այցելելով կայք եւ հետեւելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը եւ ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Անհարժեշտ է ընդգծել, որ այժմ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակները PIN եւ PUK ծածկագրեր չեն տրամադրում, անհրաժեշտ է մետենալ բջջային օպերատորի գրասենյակ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՈՐՏԵՂ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ ԻՆՔՆԱԳԼՈՐ ՔՇԵԼ

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը։

 

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է.

գ «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ եւ այլ նմանատիպ միջոցներ):

գ անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաեւ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաեւ օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչեւ 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկության թույլատրելի վայրերը կսահմանվեն համայնքի ավագանու կողմից:

գ Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաեւ նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

գ Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղեւոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող բեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող, հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

գ Երթեւեկելի մասում ինքնագլորների երթեւեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին եւ այլն։

գ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նախաձեռնության առաջնային նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձեւավորումն է։

 




Լրահոս