Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես եկավ Փարիզի երկու անվանի՝ «Սալ Գավո» եւ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահներում՝ ներկայացնելով hայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Առաջին համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված էին Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։
«Փարիզը կարեւոր կենտրոն է աշխարհի մշակութային քարտեզի վրա։ Մեզ համար փայլուն ձեռքբերում էր, որ տոմսերը վաճառված էին վաղուց։ Փարիզյան այս ելույթները շատ կարեւոր էին, քանի որ համերգային շրջագայությամբ վաղուց չէինք եղել Ֆրանսիայում։ Կարեւոր է, որ այս գործակցությունը լինի շարունակական, եւ մեր երկրների փոխհարաբերությունների մասին ոչ միայն խոսենք, այլեւ գործնական քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ»,-ամփոփելով Փարիզի համերգային շրջագայությունը՝ ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես եկավ դեբյուտային համերգով, որի տոմսերը վաղուց սպառված էին։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունները: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ ունեցավ ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։
«Մեր առաքելությունն ենք համարում բոլոր շրջագայություններում կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կարծում եմ՝ այս համերգները կօգնեն, որ Փարիզի հանդիսատեսն ավելի լավ ճանաչի մեր մշակույթը։ Մեծ ձեռքբերում կլինի, որ մեր նվագախմբի միջոցով աշխարհը ճանաչի հայ ստեղծագործողներին»,-ավելացրել է Սերգեյ Սմբատյանը։
Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգեւոր վերելքի ձգտման եւ հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաեւ ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում եւ արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի եւ կատարողական ձեւաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչեւ հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ եւ դասական գործերի ջազային մեկնաբանություններ։
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա իր 80-ամյակին նվիրված մենահամերգով։
Ծրագրում՝ Վալենտին Սիլվեստրով, Ֆրեդերիկ Շոպեն, Հենրի Փըրսել, Ֆրանց Շուբերտ, Միխայիլ Գլինկա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։
Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ եւ ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին եւ նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական եւ ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ճապոնիայում։