«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։
Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուներ քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին մերժել է:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
-Արդեն տեւական ժամանակ է՝ մոտ մեկ ամիս, ինչ իշխանությունները չեն կարողանում իրենց շարքերից նախարար ընտրել արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար: Արդեն երկրորդ անգամ է, որ առաջադրված թեկնածուները մերժվել են: Չնայած նրան, որ իրենք վստահեցնում են, թե կադրերի կարիք չունեն եւ կադրերի սով չկա, բայց տեսնում ենք հետեւյալ պատկերը, որ չեն կարողանում նախարար ընտրել: Տեսնում ենք, որ իրականում այլ իրավիճակ է: Ո՞րն է պատճառը:
-Կադրերի սովը: Այն կա արդարադատության համակարգում, եւ այլ հասարակ բոլոր ոլորտներում՝ կլինի էկոնոմիկայի, առողջապահության նախարարության, թե այլ: Արդարադատության նախարարությունը այս պարագայում կարիք ունի այնպիսի որակյալ իրավաբանի, որը կհասկանա, թե բարեփոխումների ինչպիսի բովանդակություն պիտի մշակի: Այսինքն՝ երկրի դատաիրավական համակարգի բարեփոխման ուղղությունը պիտի որոշի այդ անձնավորությունը: Դրա համար անձը պիտի լինի պրոֆեսիոնալ իրավաբան, այլ երկրների փորձը ուսումնասիրած լինի: Առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը չեն համապատասխանում այդ պաշտոնին:
-Պարո՛ն Բադալյան, սակայն առաջին դեպքը չէ սա, չէ՞, որ պաշտոնին չհամապատասխանող անձին նշանակում են միայն այն բանի համար, որ կուսակցության անդամ է:
-Այո՛, կան նման դեպքեր: Խնդիրը միայն դա չէ, երկրորդ պատճառն այն է, որ այս կամ այն թեկնածուն հստակ որեւէ խմբավորման թեկնածու է կուսակցության ներսում: Ժամանակին, հիշո՞ւմ եք՝ վարչապետն ինչ էր ասում՝ «կուսակցության թեւերը կկտրեմ», այս կանեմ, այն կանեմ՝ առանց հասկանալու, որ կուսակցության մեջ թեւերի առաջացումն օբյեկտիվ երեւույթ է, քանի որ իր խմբակցության մեջ կան տարբեր շահեր հետապնդող խմբեր, եւ շատ դեպքերում բախումներ կան: Հիմա առաջադրված թեկնածուները տարբեր խմբերի շահեր են ներկայացնում, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որ նրանց ընտրվեն:
-Ինչ խմբերի մասին է խոսքը:
-Յուրաքանչյուրը մեկ խմբի շահեր է սպասարկում:
-Ասում են, որ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը հովանավորում է Անդրանիկ Քոչարյանը:
-Դուք Ձեր հարցին պատասխանեցիք: Եթբ մի խմբավորման թեկնածուին ընտրվելու հնարավորություն եք տալիս, ապա այդ խմբավորմանը այլ գործողությունների գնալու հնարավորություն էլ է տրվում: Դա կարող է նախադեպ լինել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ