ՇԱՂԳԱՄԻ, ԳԱԶԱՐԻ… ՓԱՌԱՏՈՆԵՐԸ Ե՞ՐԲ ԵՆՔ ՆՇԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024   թ. հունիսի 29-ին Նիկոլ Փաշինյանի հայրենի  Ենոքավան գյուղում կայացավ Հայաստանի դեղաբույսերի եւ ծաղիկների «ՀայԲույս 2024» փառատոնը, որի մասնակիցները պատրաստեցին ամենախոշոր՝ 50 մետրանոց խաղաղության բրդուճը՝ լավաշից, հայկական խոտաբույսերից եւ տարբեր երկրներում արտադրված պանրից։ Օգոստոսի 10-ին Իջեւանում կայացավ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Հիմա էլ Տավուշի մարզպետարանը աչքալուսանք է տալիս՝ «հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման Կանաչ Կենտրոնում տեղի կունենա Դդմի տոնը, որի ընթացքում կլինեն ժամանցային կատարումներ ու ներկայացումներ, պարային համարներ, հատուկ մրցանակ կտրվի Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին»։ Հայկական բույսերի տոնը նշեցիք, հայկական խոտաբույսերից եւ տարբեր երկրներում արտադրված պանրից, լավաշից 50 մետարանոց բրդուճը սարքեցիք, հոկտեմբերի 26-ին էլ դդմի տոնն եք նշելու. բա շաղգամի, գազարի, վարունգի, պոմիդորի, խաղողի, ձմերուկի, բադրիջանի փառատոները ե՞րբ եք նշելու։

 

 

ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ, ՈՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՍՆՎԵՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության աչքի առաջ բանակի նկատմամբ հոգատարություն էր խաղում, ժամկետային զինծառայողներին ելակով կերակրում։ Բանակում սննդի մատակարարման վիճակն ինչպե՞ս է հիմա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7-րդ տարում։ Պայմանագրային զինծառայողներն ասացին, որ երկշաբաթյա մարտական հերթապահության, սահմանային հենակետեր ծառայության գնալու ժամանակ յուրաքանչյուրը 30 հազար դրամ է տալիս եւ հավաքված գումարով հենակետի անձնակազմի համար սնունդ են գնում։ Վերջերս վարժական հավաքից վերադարձած Տավուշի մարզի բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ իրենք հավաքի ժամանակ գումար են հավաքել՝ խանութից սնունդ գնելու համար։

 

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՞ ԵՆ ՏԱՐԵԼ

Կիրանցից Ադրբեջանին հանձնված տարածքներում ադրբեջանցիները ակտիվություն են դրսեւորում։ Բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքներում աշխատող ադրբեջանցի զինվորականները հավանաբար ականներ են որոնում։ Ադրբեջանցիները Մազամ գյուղից մինչեւ Ջողազի լճի թերակղզի (որ հանձնվել է Ադրբեջանին) հատվածում կամուրջ են կառուցել: Ջողազի լճի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի տները նախկինում մեր հենակետերից լավ տեսանելի, դիտարկվող էին, հիմա Կիրանցի տները կարող են հարմար թիրախներ լինել ադրբեջանական հենակետերից։ Ադրբեջանցիները հավաքվում են Ադրբեջանին հանձնված, Կիրանց գյուղի՝ միջպետական ավտոճանապարհի կամրջի վրա. նրանք դպրոցական երեխաների են բերել Ադրբեջանին հանձնված տարածքներ: Նրանց համար էքսկուրսիա՞ են կազմակերպել դեպի սահմանագոտի…։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս