Սիսիանի ավագանին երեկ նոր քաղաքապետ է ընտրել։
Սիսիան համայնքի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրել Հովսեփ Առաքելյանին, վերջինս Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության նիստում են որոշել, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի: Քաղաքական իշխանությունը բացահայտել է, որ ՔՊ-ական քաղաքապետը հայրենի ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է եղել:
Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերով անցնող Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն նշանակել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Արմեն Հակոբջանյանի հրաժարականից հետո համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանը։
Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի ավագանու 13 անդամ՝ ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է։
Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ավելի վաղ բոյկոտել էին սեպտեմբերի 13-ին նշանակված ավագանու նիստը, որին միայն արդեն նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանն էր մասնակցել։ Հեռացել է ոչ միայն Արմեն Հակոբջանյանը, այլ նաեւ հեռացել են նրա երկու տեղակալները՝ Կարեն Հովհաննիսյանը եւ Գարիկ Հակոբյանը։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը նաեւ ավագանու մանդատներից են հրաժարվել, իսկ Գարիկ Հակոբյանը ավագանու անդամ չէր։ Վերջինս աշխատում է «Ջերմուկ Ինթերնեյշնլ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ»-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու (Հովսեփ Առաքելյանի պաշտոնը այսպես է գրանցված ԿԸՀ-ի կայքում)։ Հովսեփ Առաքելյանը նաեւ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյանի քրոջ որդին է։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ