ՖՈՏՈ․ Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին աջակցելու նպատակով սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերին Yandex Armenia-ն անցկացնելու է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան: Յուրաքանչյուր օգտատեր, ուրբաթ օրերին պատվերներ կատարելով Yandex Go-ի միջոցով, կարող է դառնալ նախաձեռնության մասնիկը:

Տաքսիի և առաքման ծառայության բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործության նպատակով կփոխանցի 5 դրամ: Իսկ սննդի՝ յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար, սկսած 3000 դրամից, հիմնադրամները կստանան 30 դրամ։

Հավաքված միջոցները հավասարապես կբաշխվեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպությունների միջև։

«Մեր «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է այն նպատակով, որ էպիլեպսիա և այլ բարդ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին օգնի ստանալ անրաժեշտ դեղորայքին բուժում ու ախտորոշիչ հետազոտություններ: Մենք ամեն օր պայքարում ենք, որպեսզի բարելավենք մեր շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակը, երեխաներին լիարժեք, առանց սահմանափակումների կյանքի հնարավորություն տանք։ Նմանօրինակ ակցիաների աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեծաթիվ մարդկանց է ընդգրկում բարեգործության մեջ՝ թույլ չտալով լինել անտարբեր: Միասին մենք կարող ենք ավելի մեծ օգնություն ցուցաբերել», – նշում է էպիլեպսիա ունեցող երեխաների օգնության «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը:

«Շնորհակալ ենք Yandex Go-ին՝ տոներին ընդառաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ) աջակցելու համար։ «Առատաձեռն նոյեմբեր» արշավը մեզ համար հրաշալի հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում կատարած մեր աշխատանքի իրազեկվածությունը։ Սա նաև լրացուցիչ աջակցություն է՝ ընդլայնելու մանուկների ու նրանց ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված մեր ծրագրերը», – նշում է ՔՈԱՖ-ի հաղորդակցության ու մարքեթինգի ղեկավար Մարկ Գարգարյանը։ 

Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան երկրում կանցկացվի երկրորդ անգամ։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերող նախագծերից մեկն է։ Ընկերության գործընկեր մի քանի կազմակերպությունների շահառուներն ու պրոֆիլային մասնագետները մշտապես գործող բարեգործական ծրագրի շրջանակում նաև ստանում են անվճար ուղևորություններ և առաքումներ Yandex Go-ում։

2023 թվականին «Առատաձեռն նոյեմբեր» ակցիայի շրջանակում հավաքված նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամն օգնել է ավելի քան 700 երիտասարդ մայրերի՝ ապահովել նրանց անհրաժեշտ իրերով, հագուստով և հիգիենայի պարագաներով: «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն օգնել է թանկարժեք վիրահատություն կատարել կերակրափողի քիմիական այրվածք ստացած երեխայի համար: Իսկ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող 10 երեխայի համար «Հայ մայրեր» հիմնադրամը կարողացել է երեք ամսվա ընթացքում տնային պայմաններում կազմակերպել կինեզիոթերապիայի կուրս:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին փոխանցել է 3 մլն դրամ։

2024 թ․ բարեգործական կազմակերպությունների, ակցիայի մասնակիցների մասին տեղեկատվություն

  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է՝ ուղղված Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքի փոխակերպմանը կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի և տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի միջոցով։ ՔՈԱՖ-ը կենսական նշանակության մի շարք ծառայությունների հասանելիություն է ապահովում իր նորարար ծրագրերի միջոցով, որոնց հիմքում արդյունավետ ուսումնառության, բարեկեցության և ստեղծարարության խթանումն է։ Հիմնադրամը նաև աջակցում է երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանը՝ այդպիսով ոգեշնչելով նրանց կերտել ավելի փայլուն ապագա։
  • «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» – Հայաստանում միակ հիմնադրամը, որն ամբողջությամբ նվիրված է էպիլեպսիա և այլ ծանր նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ դեղորայքով, կազմակերպում է ախտորոշիչ և գենետիկ հետազոտություններ: Հիմնադրամը բուժման հասանելիությունը բարելավելու նպատակով ակտիվորեն համագործակցում է բժիշկների ու առողջապահության նախարարության հետ և բարեգործական ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով մանկական նյարդաբանական հիվանդությունների խնդրի վրա:
  • «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» – բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է ծանր հիվանդություններով երեխաներին՝ ապահովելով բուժման հասանելիություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային առաջատար կլինիկաներում: Հիմնադրամը ժամանակակից բժշկական սարքավորումներով է զինում հիվանդանոցները և նպաստում բժիշկների մասնագիտական առաջընթացին, որպեսզի նրանք կարողանան ապահովել օգնության ամենաբարձր մակարդակ: Կազմակերպությունն իրականացնում է նաև հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրեր՝ նվազեցնելով մանկական մահացությունը և բարելավելով երեխաների կյանքի որակը:




Լրահոս