Այսօր 44 օրա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրն է։
Հայկազ Մկրտչյանը կամ ինչպես դիմել են իրեն՝ ուրախ և ժպտերես Հայկը, հայկական բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 23-ին և իր ապրած 20 տարիների ընթացքում հասցրել է մասնակցել 2 պատերազմների՝ Տավուշյան մարտերին և Արցախյան երկրորդ պատերազմին։ Հայկազը կրտսեր սերժանտ է եղել։
Հայկազի քույրը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը սկզբում ծառայել է Լուսակերտում, ապա տեղափոխվել Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամաս։
2020 թվականի հուլիսի 12-ի ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով փորձել են վնաս տալ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Մեհրաբի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերին, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստակամության բարձր աստիճանի: Այդ ժամանակ 120 մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված են եղել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարտական պատրաստությունում լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողներ։
Մկրտչյան Հայկազը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում՝ որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է որպես խիզախ մարտիկ՝ ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին, ոգեշնչելով իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները՝ ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:
Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է «Մարտական Հերթապահություն» մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»:
Հայկազի քույրը ArmLur.am-ին նաև պատմեց, որ երբ սեպտեմբերին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, ժպտուն աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել և ասել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:
«Ասում էր. «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց՝ վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։
Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։ Հայկազը պատերազմի ընթացքում առաջին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց ցավոք սրտի երազանքը մնաց անկատար։
Հայկազ Մկրտչյանը վիրավորվել է թշնամու կողմից կիրառված բայրաքթարի պատճառով։ Ապրելու համար համառ կռվում Հայկազը 12 օր պայքարեց վերակենդանացման բաժանմունքում, սակայն նոյեմբերի 9-ին՝ հրադադարից 1 ժամ առաջ մահացել է։
«Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անարդարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով՝ Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք: Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հերոս Հայկազ Մկրտչյանի քույրը՝ ավարտելով զրույցը։
Աննա Սրապիոնյան