Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերով կլինի 3,5 տոկոսի նվազում, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 մլն դրամի ավելացում:
«2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հատկացման համար: Այսինքն՝ այս գումարը պետք է ծախսվեր առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում, և եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024-ի նկատմամբ ավելացել է 12,7 մլրդ դրամով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար նախատեսված էր 18 մլրդ դրամ: Քանի որ համակարգը չի ներդրվել, գումարը չի ծախսվել, բայց գումարը, ըստ նախարարի, բաշխվել է տարբեր ուղղություններով:
«Եթե 2024 թվականին նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության գումարը հաշվի չենք առնում, ապա 2025 թվականի բյուջեն աճում է 8,5 տոկոսով կամ 12,7 մլրդ դրամով, որը բաշխվում է ըստ տարբեր ուղղությունների»,- պարզաբանեց նախարարը: