«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Սրբուհի Գալյանն առաջադրվեց Արդարադատության նախարարի պաշտոնում, առաջիկայում նրա նշանակումն արդեն պաշտոնապես կհաստատվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սրբուհի Գալյանի առաջադրումը Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել, ինչն անակնկալ է եղել թե՛ ՔՊ-ականների, թե՛ նախարարի մյուս թեկնածուների համար։
ՔՊ-ի կողմից այս մերժումը շատ վիրավորական է ընդունել հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով արդարադատության նախարարի թեկնածուներից է եղել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչության նիստին Եղիշե Կիրակոսյանն, առհասարակ, քվե չի ստացել, ՔՊ-ականներից ոչ ոք նրա օգտին չի քվեարկել։
Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, նրա օգտին ՔՊ վարչությունում «լոբբինգ» է արել պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը Մխիթար Հայրապետյանի մտերիմ ընկերն է, սակայն վարչության նիստի ժամանակ անգամ Վաղարշակ Հակոբյանը նրա օգտին չի քվեարկել։
ՔՊ-ի կողմից այս մերժումը խորը վիրավորել է Եղիշե Կիրակոսյանին, որը ոլորտի փորձառու և ծավալուն աշխատանք կատարող պաշտոնյաներից է։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես մյուս թեկնածուներին, Եղիշե Կիրակոսյանին էլ վստահեցրել է, որ նա է ընտրվելու, անգամ Կիրակոսյանի նախապայմաններն է ընդունել։
Բայց արի ու տես, որ վարչության նիստին Փաշինյանը բոլորին, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանին մերժել է։
Քրիստինա Մուշեղյան