ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին:
Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված եւ 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը:
«Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի եւ նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին կայացված որոշումը:
Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է եւ տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:
Քննության ընթացքում հարցաքննվել են նաեւ ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը: Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի եւ Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:
Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները եւ քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից եւ այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր:
Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով եւ ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները: 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում: Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով:
Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ: Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է քննչական կոմիտեին։
Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է դատախազությունը:
ԼՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՊՎԱԾ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Հաղթանակ» զբոսայգում հայտնի «Արեւիկ» արհեստական լճակում տղամարդու առեղծվածային մահվան դեպքից:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդու մարմինը թելերով կապված ու քարերով պատված է եղել: Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունեցել, եւ ավելին՝ դեպքի վայրում իրավապահների հետ է եղել նաեւ նրա որդին:
Ինքնասպանություն է սա, թե սպանություն՝ ցույց կտա քննությունը, սակայն փաստ է, որ արդեն սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում հայտնի «Արեւիկ» արհեստական լճակում դի կա: Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:
40-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ Է ՄՈՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23։00-ին, Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկում սպանություն է եղել։ 40-ամյա տղամարդը սպանել է իր մորը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ից մինչեւ 23։00-ն, նշված հասցեում Դ. Ե.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել մոր՝ 1952 թվականին ծնված Ց. Հ.-ի դեմքին եւ գլխին՝ պատճառելով մահ։
Տղամարդը ձերբակալված է։
ԿԻՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն կյանքից զրկած կնոջը մեղադրանք է ներկայացվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչփար համայնքում գտել էին 44-ամյա Վարդան Ա.-ին սպանած կնոջը։ Նա իրավապահներին հայտնել է, որ «տղամարդն ինքն է իրեն գցել դանակի վրա», սակայն ուշագրավն այն է, որ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 6 հարված:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ սպանված տղամարդն ու ձերբակալված կինը արտաամուսնական կապի մեջ են եղել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, իրավապահները տվյալներ ունեն, որ կինն առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Խաչփար համայնքում գտել էին 44-ամյա Վարդան Ա.-ին , ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել էր խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:
Տեղում պարզվել էր նաեւ, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, եւ կասկածյալ կնոջը, սպանություն կատարելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ