ԻՆՉ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ ՀՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2023 թվականին ինչ արտակարգ դեպքեր են գրանցվել Հայաստանի Հանրապետությունում։

 

Այսպիսով՝ 2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 13 953 արտակարգ դեպք, տուժել է 16 330 մարդ (516 զոհ, 15 814 վիրավոր), 197-ը փրկվել է, իսկ 5 422-ը՝ տարհանվել:

Տարերային վտանգավոր երեւույթներից տուժել է 10 մարդ, որոնցից մեկը՝ կին։ Զոհվել են 4-ը, իսկ վիրավորվել՝ 6-ը, որոնցից մեկը՝ կին։ Փրկվել է 1 հոգի։ Տարհանվել է 5 143 հոգի։

Տեխնածին արտակարգ դեպքերից 2023 թվականին տուժել է 7 125 անձ, որոնցից 2 592-ը՝ կանայք։ Տեխնածին արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 428 մարդ, որոնցից 110-ը եղել են կանայք։ Վիրավորվել է 6 697 անձ, որոնցից 2 482-ը՝ կին։ Փրկվել է 194 անձ, նրանցից 37-ը՝ կին։ Տարհանվել է 279 մարդ։

Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերից տուժել է 9 195 մարդ, որոնցից 3 788-ը կանայք են. զոհվել են 84-ը, որոնցից 36-ը կանայք են։ Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերից վիրավորվածների քանակը շուրջ 9 111 է, որոնցից 3 752-ը կանայք են. փրկվել է ընդամենը 2 մարդ։ Տարհանվածներ չեն եղել։

Գրանցված արտակարգ դեպքերի 4.2%-ը տարերային վտանգավոր երեւույթներ են, որոնց հետեւանքով տուժել է 10 մարդ (4 զոհ, 6 վիրավոր), մեկը փրկվել է, 5 143-ը՝ տարհանվել:

Ուժեղ քամու, փոթորիկի, մրրիկի, պտտահողմի, փոշեփոթորիկի 99 դեպք է գրանցվել 2023 թվականին, որի պատճառով տարհանվել է 3 մարդ։ Տուժած մարդիկ չկան։

Ամպրոպի եւ կայծակի 7 դեպք է գրանցվել, որից տուժել է 5 մարդ, 3-ը վիրավորվել են, 2-ը՝ զոհվել։ Տարհանված անձինք չեն եղել։

2023 թվականին տարերային վտանգներից կարկուտի 37 դեպք է գրանցվել, որից տուժածներ, զոհվածներ եւ տարհանվածներ չկան։ Տեղատարափ անձրեւի 19 դեպք է գրանցվել, որի հետեւանքով 11 մարդ տարհանվել է։

Ձյան առատ դեպքերը 2023 թվականին գրանցվել են իննը, որի պատճառով տարհանվել է 1037 մարդ։

Բքի եւ ձնահողմի 30 դեպք է գրանցվել, որի պատճառով տարհանվել է 3081 մարդ։ Մերկասառույցի 92 դեպք է գրանցվել, որի հետեւանքով 1009 մարդ տարհանվել է:

Վեգետացիայի շրջանում գրանցվել է 2, սողանքի, հողասանքի՝ 3, սելավի՝ 4 դեպք։ Տուժածներ չեն եղել։

Դարափուլի (փլվածք, նստվածք) դեպք 2023 թվականին գրանցվել է 12-ը, որի հետեւանքով տուժել է 3, մահացել 2, վիրավորվել 1 մարդ։ Փրկվել է 1 մարդ։

Քարաթափվածքի դեպքերը եղել են 46-ը, որից տուժել է 1 եւ վիրավորվել նույնպես 1 մարդ։

2023 թվականին ձնահյուսի 1 դեպք է գրանցվել, որից տուժածներ, զոհվածներ եւ տարհանվածներ չկան։

Անտառային հրդեհների 22 դեպք է տեղի ունեցել, իսկ տորֆային հրդեհի 2 դեպք։ Տուժածներ, զոհվածներ եւ տարհանվածներ այս դեպքերի պատճառով չկան։

Հեղեղման, գետերի վարարումների 4 դեպք է գրանցվել 2023 թվականին, որի հետեւանքով 2 մարդ տարհանվել է։

2023 թվականին երկրաշարժների գրանցված թիվը 55-ն է, սակայն, բարեբախտաբար, երկրաշարժի հետեւանքով տուժածներ, զոհվածներ եւ տարհանվածներ չկան։

Գրունտային ջրերի մակարդակի բարձրացման 2 դեպք է գրանցվել, որից տուժածներ չկան։

Վայրի կենդանիների հարձակման 145 դեպք է գրանցվել, որից տուժել եւ վիրավորվել է 1 մարդ։

Քաղաք Երեւանում տարերային վտանգավոր երեւույթների 34 դեպք է գրանցվել, Արագածոտնի մարզում՝ 49, Արարատի մարզում՝ 7, Արմավիրի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 52, Կոտայքի մարզում՝ 38, Շիրակի մարզում՝ 33, Սյունիքի մարզում՝ 65, Վայոց ձորի մարզում՝ 179, Տավուշի մարզում՝ 46։

Հավելենք նաեւ, որ 2023 թվականին արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման նպատակով պատրաստվել եւ ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1737 ղեկավար եւ մասնագետ:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

ԿԻՐԱՆՑՆ ԱՌԱՆՑ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ Է ՄՆԱՑԵԼ

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, Կիրանցում սահմանագծումն ու սահմանազատումը հաջողություն համարեց` հայտարարելով. «Սա մեծ հաջողություն է։ Եվ, առաջին հերթին` անվտանգության հետ կապված։ Հիշու՞մ եք, երբ բոլորը խոսում էին այն մասին, թե ինչպես են երեխաները դպրոց գնալու Կիրանց գյուղում։ Երեխաները դպրոց են գնում հաճույքով եւ ապահովության զգացումով։ Կիրանցում դպրոց հաճախելը վերջին 35 տարում երբեք ավելի անվտանգ չի եղել։ Մենք ցանկանում ենք նման իրավիճակ ստեղծել Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում»։ Կիրանցում դպրոցի խաղահրապարակը Ադրբեջանի հետ սահման հանդիսացող պատից մոտ 40 մետր հեռավորությամբ, միջպետական ճանապարհի եզրին է գտնվում, երեխաները այնտեղ չեն խաղում. վախենում են։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Կիրանցի նման իրավիճակ ստեղծել Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում։ Գյուղի հողատարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո` Կիրանցին շատ քիչ արոտավայր է մնացել, որի պատճառով կովերը մորթել, ծախել են, գյուղում ընդամենը մոտ մեկ տասնյակ կով է մնացել։ Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանի սահմանամերձ բոլոր գյուղերը առանց արոտավայրի ու խոշոր եղջերավոր անասունների մնան։

 

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԵՐ ՉՈՒՆԵՆ

Իջեւան քաղաքում գործող բազում սուպերմարկետների աշխատողներ անվանաքարտեր(բեյջ) չունեն, «Ֆրեշ  սուպերմարկետի աշխատողները խանութի անվանումով ասեղնագործված շապիկներ են կրում։ Հոկտեմբերի 25 -ին այդ սուպերմարկետի վաճառողուհին մեր լրագրողին ասաց, որ իրենց խանութում լուսանկարելն արգելված է, հարցրինք, թե ո՞ր օրենքով է արգելված։ Այդ հարցին պատասխանելու համար վաճառողուհին գնաց մենեջերի մոտ, երկար բացակայելուց հետո վաճառողուհին եկավ եւ ասաց, որ մենեջերը տեղում չէ։ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջեւանում ՀՀ օրենքները չեն գործում։

 

 

«ԻՋԵՎԱՆԻ» ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տավուշի մարզպետարանում մոտ ութ տասնյակ աշխատողներ կան, որոնք բոլորը Իջեւան համայնքի բնակիչներ են։ Տավուշի մարզպետարանը կարելի է ավանել «Իջեւանի համայնքապետարան»։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց ենք ուղղել, թե ինչու Տավուշի մարզպետի աշխատակազմում Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ համայնքների բնակիչներ չկան, միայն Իջեւան համայնքի բնակիչներ են։ Մարզպետարանից պատասխանել են. «Օրենքով սահմանված կարգով` Մարզպետի աշխատակազմում թափուր պաշտոնները համալրվում են մրցույթով: Դիլիջան, Բերդ եւ Նոյեմբերյան համայնքներից թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներին մասնակցելու դիմորդներ չեն եղել»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս