ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու եւ մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով:

 

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եւ սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաեւ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր:

Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով եւ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաեւ ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Տարբեր քաղաքացիներ իրենց հերթին, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելու, մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող վերոհիշյալ անձին:

2023թ. դեկտեմբերի 26-ին որպես քրեական հեղինակության՝ Հ.Խ.-ին դիմել է վերջինիս ծանոթը՝ որդու եւ նրա ընկերոջ մտերիմների վեճը լուծելու խնդրանքով: Հ.Խ.-ն ընդունել է իրեն դիմած անձի որդուն եւ վերջինիս ընկերոջը եւ առաջացած մասնավոր վեճը լուծելու նպատակով քննարկել վիճաբանության մասնակից անձի կողմից մեկ այլ՝ «Մասիվցի Ժիրո» մականվամբ անձին դիմելու եւ նշված անձի օգտին մասնավոր հարցին լուծում տալու հետ կապված հարցերը։ Դրա ընթացքում Հ.Խ.-ն, պարզաբանելով քրեական աշխարհում ընդունված ավանդույթներով եւ կանոններով գործելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել տվյալ հարցի հետ կապված զրուցել «Մասիվցի Ժիրոյի» հետ եւ անօրինական ճանապարհով, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, իրեն դիմած նշված երկու անձանց օգտին լուծել վեճը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ եւ բացակայելու արգելք:

Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ եւ բացակայելու արգելք:

Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք:

Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռեւս չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողություններով պարզվել են Երեւան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՌԴ քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 21։50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կասկադ համալիրի աստիճանահարթակի մոտ անհայտ անձը, զենքի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցնելով, իրենից պահանջել է բջջային հեռախոս եւ գումար, ինչին ի պատասխան, վախի ազդեցության ներքո, ենթարկվելով սպառնալիքներին, ինքը տվել է իրեն պատկանող «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը եւ կանխիկ գումար, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՌԴ քաղաքացին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տուժողը մատնացույց է արել հստակ վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրի հարակից հատվածներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք զննության են ենթարկվել տուժող մասնակցությամբ։

25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ՝ ՊՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սուրեն Ալյոշայի Հարությունյանի նկատմամբ։

Համաձայն  Azdarar.am-ի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած վարույթների մասին հաշվետվության՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սուրեն Հարությունյանի կողմից «Հանրային ծառայության» մասին օրենքով նախատեսված 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրի ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու հիմքով կիրառել վարչական տույժ։ Կիրառված վարչական տույժը սահմանվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար ՀՀ դրամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 




Լրահոս