Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին։

«Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ին նախատեսված է տեսակապով խորհրդակցություն եվրոպական գործընկերների հետ, որի ընթացքում կձևավորվի ճանապարհային քարտեզը, որպեսզի Հայաստանի՝ «սև ցուցակից» դուրս գալու գործընթացն ավարտին հասցվի։

« Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք՝ հաշվի առնելով նաև այն, որ այս տարի Հայաստանում անց է կացվել ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) աուդիտը, որը բարձր վարկանիշ ունեցող միջազգային մարմին է։ Աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ ապագայում եվրոպական գործընկերները կայցելեն Հայաստան՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։

 




Լրահոս