Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության գոյության տարիների ընթացքում կար մեկ օր, որը ներկայիս Հայաստանի Հանրապետության օրացույցներում արդեն չի նշվում կարմիր օղակով` նոյեմբերի 7-ը` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրը:
Ուղիղ 107 տարի է անցել Պետրոգրադում (այժմյան Սանկտ Պետերբուրգ) բոլշեւիկների կողմից իրականացված հեղափոխությունից, եւ 21 տարի է, ինչ այդ օրը ոչինչ չի նշանակում ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար:
Ահա, թե ինչպես էր սովետական դասագրքում ներկայացվում հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը. «1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը: «…Մենք իրավունք ունենք հպարտանալու եւ հպարտանում ենք նրանով,- գրել է Վ. Ի. Լենինը, – որ մեզ երջանկություն բաժին ընկավ սկսելու սովետական պետության կառուցումը, սկսելու դրանով համաշխարհային պատմության նոր դարաշրջան»«: Նման կերպ էին դասավանդվում սովետական միջնակարգ դպրոցների աշակերտներն այս օրվա մասին:
Այս տոնը չի մոռացվել, ինչպես եւ չեն մոռացվել խորհրդային շրջանին հատուկ բազմաթիվ այլ հիշողություններ: Սակայն բանվորագյուղացիական այս տոնը, ինչպես եւ հեղափոխությունը, ինչպես եւ այդ հեղափոխության արդյունքում ստեղծված պետությունը այժմ գոյություն ունեն միայն համաշխարհային եւ հայոց պատմության դասագրքերում ու թանգարաններում: