«Ազատության փիլիսոփան և ընդհատակից բարձրացած ձայնը». Ալբեր Կամյուի ծնունդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ մտքեր կարտահայտեր կամ ի՞նչ որակումներ կտար ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող Ալբեր Կամյուն, եթե ապրեր այս խառնիճաղանջ օրերում։ Պատասխանը, միանշանակ, հստակ տալ չենք կարող, սակայն վստահաբար կարող ենք ենթադրել, որ նոր փիլիսոփայական ուղղություն կարող էր ստեղծվել։

Այսօր Կամյուի ծննդյան օրն է։

Ալբեր Կամյուի ստեղծագործությունները հզոր և ներթափանցող են, որոնք հաճախ խորանում են մարդկային գոյության և աշխարհի անիմաստության թեմաների մեջ։ Նրա գրքերը, ինչպիսիք են «Օտարը» և «Ժանտախտը», ներկայացնում են այն գաղափարը, որ կյանքը երբեմն թվում է, թե չունի նպատակ, իսկ մարդը ստիպված է ինքնուրույն որոնել կամ ստեղծել իմաստ սեփական կյանքում։

Կամյուն ունի առանձնահատուկ փիլիսոփայություն, որը կոչվում է աբսուրդիզմ և որի կենտրոնում է այն հարցը, թե ինչպես մարդն ապրի իմաստից զուրկ աշխարհում։ Նրա կերպարները հաճախ ստիպված են ընդունել կյանքի անհամապատասխանությունները և ընտրել ապրել՝ առանց ապավինելու կրոնական կամ բարոյական անբեկանելի չափանիշներին։ Կամյուի ստեղծագործությունների մեջ մարդկային ինքնաճանաչումը դառնում է պայքարի միջոց, իսկ ազատությունը և անհատականությունը՝ գոյության գլխավոր արժանիքները։

Կամյուի գրվածքները ոչ միայն քննադատություն են մեր օրերի կյանքի մասին, այլև կոչ՝ ըմբռնել աշխարհի դաժանությունը և պայքարել մեր ներսի ազատության համար։ Սա բաց է թողնում ընթերցողին՝ մտածելու կյանքի մեծ հարցերի շուրջ՝ առանց վերջնական պատասխաններ տալու։

ArmLur.am-ը ներկայացնում է գրողի ամենահետաքրքիր մտքերը, կյանքից դրվագներ։

Ալբեր Կամյուի կյանքի հետաքրքիր դեպքերից մեկը կապված է նրա դերակատարման հետ՝ ֆրանսիական դիմադրության շարժման մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Կամյուն պատերազմի ժամանակ աշխատում էր որպես լրագրող, սակայն երբ նացիստական ուժերը գրավեցին Ֆրանսիան, նա միացավ դիմադրության շարժմանը։ Դառնալով շարժման «Կոմբա» (Combat) անունով ընդհատակյա թերթի գլխավոր խմբագիրը՝ Կամյուն վտանգի տակ էր դնում իր կյանքը՝ հրատարակելով հոդվածներ, որոնք համարձակորեն քննադատում էին գերմանական օկուպացիան և կոչ էին անում դիմադրել։

Կամյուի այս ժամանակաշրջանի աշխատանքը ոչ միայն գրական նշանակություն ունեցավ, այլև դարձավ նրա գաղափարների փորձաքարը։ Նա պայքարեց ազատության, արդարության և մարդասիրության համար, ինչը հետագայում արտահայտվեց նրա փիլիսոփայական գրքերում։ Հետաքրքրական է, որ նրա ստեղծագործությունները և հատկապես «Կոմբա»-ի հոդվածները բավականին մեծ ազդեցություն ունեցան ֆրանսիական հասարակական կարծիքի վրա՝ ոգեշնչելով այլ մարդկանց մասնակցել ազատագրական պայքարին։

Պատերազմից հետո Կամյուն շարունակում էր խոսել կյանքի արժեքի, արդարության ու ազատության մասին, ինչը նաև արտացոլվեց նրա հետպատերազմյան գրքերում։ Այս տարիները Կամյուի կյանքում դարձան արժեքների և հավատամքների ձևավորման կարևոր շրջան, որը մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա ստեղծագործության վրա։

Ներկայացնում ենք նաև վերջինիս հայտնի մտքերը, որոնք մեծ ազդեցություն են ունենում շատերի վրա, եթե անգամ հոգին փոթորկված չէ։ Կամյուի մտքերն անգամ կարող են դարման դառնալ հուսահատ իրավիճակներում, երբ թվում է, թե անելանելի իրավիճակներից ելքեր չկան։

1․ Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:

2․ Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք փնտրել, թե ինչում է կայանում երջանկությունը: Եվ դուք երբեք չեք ապրի, եթե շարունակեք փնտրել կյանքի իմաստը:

3․ Երիտասարդ ժամանակ ես մարդկանցից պահանջում էի ավելին, քան նրանք կարող էին ինձ տալ` անդավաճան ընկերություն, հավատարիմ զգացմունքներ: Հիմա սովորել եմ նրանցից պահանջել ավելի քիչ, քան նրանք կարող են տալ` լինել կողքիս ու լռել: Եվ նրանց զգացմունքներին, ընկերությանը, շնորհակալ արարքներին ես միշտ նայում եմ որպես մի իսկական հրաշքի, որպես Աստծո պարգևի:

4․ Սիրել` նշանակում է համաձայնվել ծերանալ մեկ ուրիշ մարդու հետ։

5․ Անխուսափելի է միայն մեկ բան` մահը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել: Այն ժամանակահատվածում, որն ընկած է մեր ծննդյան և մահվան միջև, ոչինչ կանխորոշված չէ. ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է նույնիսկ դադարեցնել պատերազմները և ապրել խաղաղության մեջ, միայն թե ցանկանալ այնպես, ինչպես հարկն է` բավականաչափ ուժեղ և երկար:

Ահա այսպես, հետաքրքիր ներաշխարհով Կամյուն մինչ օրս էլ կարողանում է թափանցել ընթերցողի ներաշխարհը, այսինքն, ենթադրելի է, որ անտեսանելի թելերով կապը երկար ժամանակ անց էլ չի կտրվել և դժվար էլ կտրվի։

Աննա Սրապիոնյան




Լրահոս