Կառավարությունը նախատեսում է արտաքին առևտրի ապրանքների ցանկում ավելացնել 20 նոր ապրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանի արտաքին առևտրի ապրանքների միասնական ցանկում ավելացնել ևս 20 անուն ապրանք, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտությունների և որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի ներսում բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների համապատասխան կարգավորումները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշման: Նախագիծը նախատեսում է նաև թարմացնել Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծածկագրերի ցանկը։

Նոր կարգավորումը թույլ կտա ներմուծել նյութեր, որոնք հատուկ փաթեթավորված են և նախատեսված են սննդի, ջրի, օդի, և անվտանգության վերահսկման, միջլաբորատոր համեմատության թեստերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների նպատակով։ Ապրանքների մի մասը, ինչպես օրինակ՝ ալդրինը, քլորդեկոնը և դիլդրինը, նախատեսված են փոքր քանակությամբ հերմետիկ ամպուլներում ներմուծելու համար՝ լաբորատոր ստուգումների և ստանդարտացման նպատակներով։

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի անհրաժեշտ իրավական միջավայր, որը հնարավորություն կտա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը արտոնագրել այդ ապրանքների ներմուծումը՝ սահմանված քանակներով, ինչը կնպաստի լաբորատոր հետազոտությունների արդյունավետությանը և ստանդարտացման գործընթացների բարելավմանը։

 




Լրահոս