ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը 65 հազար դրամի համար մուրճով հարվածել ու կյանքից զրկել է մորաքրոջ որդուն․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննությամբ հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«2024թ․ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նա այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն, վերցրել մուրճը՝ թաքցնելով պարկի մեջ, և խոհանոցային դանակը՝ դնելով գոտկատեղում։ Ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխին և սպանել է նրան:

Ապա վերցված դանակով կտրել է վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:

Ազգականին սպանելուց հետո տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ներկայացվել է մեղադրանք։ Անձը կալանավորված է»,- նշված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս