ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՈՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյ թատրոնը կվերսկսի իր գործունեությունը։ Թատրոնի ներկայացուցիչներն այս խորագրով ասուլիս էին անոնսել։ Թատրոնի բակում փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ արդարադատության նախարարությունից ստացել են իրենց հարցի վերաբերյալ պարզաբանում։

 

Նախարարությանը «Գոյ»-ի ներկայացուցիչները հարց էին ուղղել՝ արդյոք վարչական դատարանում քննության ընթացքում, որտեղ վիճարկվում է Կադաստրի կոմիտեում թատրոնի գրանցման դադարեցումը, չե՞ն կասեցվում Սունդուկյան թատրոնի իրավունքները՝ գույքն օգտագործելու, տիրապետելու, տնօրինելու վերաբերյալ։ ԱՆ-ից հայտնել են՝ այո՛, կասեցվում է։

Մինչ փաստաբանը խոսում էր, դուրս եկավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրողներին ու Գոյ թատրոնի երկու ներկայացուցչի հրավիրեց ներս ու սկսեց խոսել։ Ասաց՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո բանակցություններ են ընթանում, որին ակտիվորեն մասնակցում են նաեւ Գոյ թատրոնի ներկայացուցիչները։

Ասուլիսի մասնակիցներն ընդհատեցին՝ հարցնելով, թե ինչի՞ համար են հավաքվել, այլ բաներ է Մկրտչյանը խոսում։

«Ներողություն, այստեղ դուք չեք ասում՝ ինչ անենք», – արձագանքեց Մկրտչյանը։

Իրավիճակն այնքան թեժացավ, որ Գոյի ներկայացուցիչները լքեցին դահլիճը։

Որոշ ժամանակ անց Գոյի ներկայացուցիչները զանգահարեցին ոստիկանություն, քանի որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրինությունը թույլ չի տվել մտնել թատրոն։

Ավելի վաղ Գոյ թատրոնի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. ««Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է Գոյ թատրոնի գործունեությունը:

Այդ պատճառով ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին՝ Ժամը 11:00-ից, ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի եւ կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 35 տարի գործող Գոյ թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Գոյ թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են աշխատել առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը Գոյի անձնակազմը վիճարկում է դատարանում»:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ




Լրահոս