ՊԵԿ-ը համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վանատամ» ՍՊԸ-ին առաջադրել է ավելի քան 5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների եւ միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաեւ, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել եւ ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։
Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման եւ կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023 թվականին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի եւ օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։ Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100.241.088 ՀՀ դրամի չափով եւ առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4.009.644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4.156.763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831.355 ՀՀ դրամ եկամտային հարկի եւ 170.081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։
Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5.011.080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։
Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թ.-ին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաեւ հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թվականին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն:
Պետական եկամուտների կոմիտե