ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ զրուցել ենք 44-օրյա պատերազմի տարելիցի օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարների եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցերի վերաբերյալ։
-Պարո՛ն Հակոբյան, այս օրերին կուսակցության ներսում շատ է քննարկվում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրանից դժգոհ անձանց թվում նաեւ Ձեր անունը կա, ասում են՝ Դուք եք հենց նախաձեռնողը, քանզի Անդրանիկ Քոչարյանի հետ տարաձայնություններ ունեք: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ միջադեպ է եղել, եւ արդյոք նախաձեռնո՞ղն եք պաշտոնանկության այս գործի:
-Այդ հարցի վերաբերյալ ճեպազրույց եմ տվել, մանրամասն խոսել այդ մասին, այնպես որ նշված բոլոր հարցերի պատասխանները ճեպազրույցում են:
-Նշում են՝ Դուք այլ թեկնածուի եք առաջարկել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնում:
-Ես որեւէ մեկի թեկնածությունը չեմ առաջադրել, որեւէ նախաձեռնության հեղինակ չեմ: Ինչ վերաբերում է ձեր նշած կարծիքներին. մեր կուսակցության ներսում բազմաթիվ քննարկումներ են լինում, եւ այս քննարկումը կարող ենք համարել ՔՊ ներկուսակցական հարցերից մեկը:
-Պարո՛ն Հակոբյան, շատերը դժգհում են, ասում՝ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է հնչեցնում թիմակիցների հասցեին, բացասական արտահայտություններ անում: Դուք նրա հետ ինճպիսի՞ հարաբերություններ ունեք, երբեւէ բացասական միջադեպ եղե՞լ է:
-Ես նման դժգոհություն չունեմ, չգիտեմ՝ ովքեր են բողոքում: Ինձ հետ կապված միջադեպ չի եղել:
-Պաշտոնանկության գործընթացին կո՞ղմ եք, թե՞ դեմ:
-Այդ գործընթացի մասին մամուլից եմ տեղեկացել:
-Պարո՛ն Հակոբյան, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը տիկին Աննա Հակոբյանը հանգստից լուսանկարներ հրապարակեց, որը հանրությանը բարկացրեց եւ քննադատությունների տեղիք տվեց: Սա առաջին դեպքը չէ, որ նման հիշատակի օրերին վարչապետի ընտանիքի անդամները նկարներ են հրապարակում հանգստից: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:
-Ես չեմ տեսել լուսանկարները, հրապարակմանը ծանոթ չեմ, այնպես որ զերծ կմնամ մեկնաբանություն տալուց: Եթե քննադատելիս շեշտադրվում է այն, որ հրապարակումը արվել է տարելիցի օրը, միեւնույնն է, չեմ ցանկանում այդ հարցով մեկնաբանություն անել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ