ԴԻԿԱՊՐԻՈՆ ԴԱՐՁԱՎ 50 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուոլսթրիթի «անզուգական գայլը» կամ ֆիլմարտադրության աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, նոյեմբերի 12-ին դարձավ 50 տարեկան։ Մեր ժամանակների սրտակերը մինչ օրս համարվում է Հոլիվուդի ամենապահանջված եւ ամենաշատ վարձատրվող դերասաններից մեկը, չնայած նրան, որ արդեն 50 տարեկան է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դերասանի կյանքից հետաքրքիր դեպքեր։

Սկսենք ԴիԿապրիոյի անվանադրումից. ինչո՞ւ հենց Լեոնարդո։

Դերասանի անունը կապված է Վերածննդի մեծագույն նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի հետ։ Հղության ընթացքում Լեոյի մայրը այցելում է թանգարան, որտեղ Դա Վինչիի նկարների առաջ նրա սիրտը սկսում է արագ բաբախել, իսկ ներսից փոքրիկը սկսում է շատ արագ հարվածել։ Կինն այս դեպքից հետո հաստատուն որոշում է կայացնում՝ որդուն Լեոնարդո է անվանելու։ Ի՞նչ իմանար ԴիԿապրիոյի մայրը, որ որդին հետագայում դառնալու է հայտնի դերասան ամբողջ աշխարհում։

ԴիԿապրիոն աչքի է ընկնում ոչ միայն իր համակրելի արտաքինով, այլեւ բնապահպանության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում արված մեծ ներդրումներով: Այս ամենով հանդերձ՝ մամուլում հաճախ են քննարկվել նրա կյանքի որոշակի հակասական կողմերը նաեւ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր մասնակցությամբ շքեղ միջոցառումներին։

Մասնավորապես, մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2016 թվականին ԴիԿապրիոն մասնակցեց իր ընկերոջ՝ մալայզիացի ձեռնարկատեր Ջո Լոուի կազմակերպած շքեղ խնջույքներին: Ջո Լոուն հետագայում հայտնվեց կոռուպցիոն մի մեծ սկանդալի կենտրոնում. բացահայտվեց, որ նա ֆինանսական խարդախության միջոցով մեծ գումարներ է հափշտակել Մալայզիայի պետական ֆոնդից։ Այդ միջոցներից որոշակի գումար, ենթադրաբար, ծախսվել էին այնպիսի շքեղ երեկույթների վրա, որոնց ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում՝ ԴիԿապրիոն։

Այն ժամանակ մամուլը եւ հանրությունը քննադատեցին ԴիԿապրիոյին նման սկանդալային միջոցառումներին մասնակցելու համար։ Հետագայում, երբ Ջո Լոուի կոռուպցիային վերաբերող գործերը բացահայտվեցին, ԴիԿապրիոն վերադարձրեց իր կողմից ստացած որոշ նվերներ, այդ թվում՝ Մարլոն Բրանդոյի օսկարը, որը Ջո Լոուն նրան էր նվիրել, ինչպես նաեւ մի քանի արժեքավոր արվեստի գործեր։

2019-ին Լեոն հարցազրույց տվեց «Մեր մոլորակը» (Our Planet) բնապահպանական վավերագրական նախագծի վերաբերյալ։ Նա իր հարցազրույցներում անդրադարձավ կլիմայի փոփոխության մտահոգիչ վտանգներին՝ շեշտելով, որ մարդկությունը կանգնած է իր պատմության ամենավտանգավոր շրջադարձներից մեկի առջեւ։

ԴիԿապրիոն, միանալով բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին, իր հայտարարություններով խստորեն քննադատեց համաշխարհային ղեկավարներին, որոնք, ըստ նրա, բավարար միջոցներ չեն ձեռնարկում կլիմայի փոփոխության դեմ։ Նա ընդգծեց, որ ներկա սերունդը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում մարդկությունը մոլորակը կորցնելու իրական վտանգի առջեւ կկանգնի։

Այս հարցազրույցում ԴիԿապրիոն անկեղծորեն խոսեց իր վախերի մասին՝ ասելով, որ եթե առաջիկա տարիներին մարդկությունը չհասնի էական փոփոխությունների, շատ էկոհամակարգեր կկործանվեն, եւ մենք կկորցնենք բազմաթիվ կենդանական ու բուսական տեսակներ։

Հարցազրույցը սենսացիոն դարձավ նաեւ այն պատճառով, որ ԴիԿապրիոն ուղիղ կերպով խոսեց քաղաքականության եւ կորպորացիաների ագահության մասին, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են կլիմայական խնդիրների լուծմանը։ Որոշ մարդիկ քննադատեցին Լեոնարդոյին՝ պնդելով, որ նա հայտնի դերասան է, շքեղ կյանք է վարում, ինչը նույնպես բացասական ազդեցություն է թողում էկոլոգիայի վրա, սակայն շատերը գնահատեցին դերասանի անկեղծությունը եւ համարձակությունը:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 




Լրահոս