«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ» ՄԻԱՅՆ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում եւ խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։

Օրինակ` հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։

Դատելով վարկային մնացորդից` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաեւ հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը` Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երեւանում եւ ձեռք բերել 2 ավտոմեքենա։

Հարցն այն է, որ ՀՀ ազգաբնակչության պատկառելի մասը օր օրի ընկղմվում է վարկերի, պարտքերի մեջ, բռնում է արտագաղթի ճանապարհը, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամի (տվյալ դեպքում ամուսնու) համար գոյություն չունի ոչ մի նյութական անկում, ամենուր վերելք է` բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամ։

Փաստորեն, էվոլյուցիա ապահովող կախարդական փայտիկը Նիկոլ Փաշինյանը միայն իր թիմակիցների համար է օգտագործում։

 

 

 

 

ՔՊ-ն գտել է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը։ Արդեն տեւական ժամանակ է՝ Գյումրիում անիշխանություն է. քաղաքական ճնշման արդյունքում համայնքապետ Վարդգես Սամսոնյանի տված հրաժարականից հետո Հայաստանի երկրորդ քաղաքը ղեկավար չունի։ ՔՊ-ն ստիպված է նոր ընտրությունների գնալ Գյումրիում, սակայն այստեղ էլ խնդիրներ կան։ Բանն այն է, որ ընտրությունների կազմակերպումը, ըստ էության, առանց գործող համայնքապետի, հնարավոր չէ։ Օրինակ՝ ՏԻՄ մասին օրենքում հստակ սահմանվում է, որ նախընտրական փուլում, ԸՕ-ի սահմանված կարգով, համայնքապետն է որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերը, ապահովում է տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը կամ վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները։ Ստացվում է, եթե անգամ ընտրությունների օր նշանակվի, համայնքը ղեկավար չունի, որպեսզի այս գործառույթներն իրականացնի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն վարչության նիստում երկար փնտրտուքներից հետո «գտել» է խնդրի լուծման բանալին. փոփոխություններ կարվեն ՏԻՄ մասին օրենքում, որպեսզի խոչընդոտները վերացվեն ու կարողանան նոր ընտրություններ անել եւ իշխանություն վերցնել Գյումրիում։ Իսկ թե ինչ փոփոխություններ կանեն օրենքում՝ դրա վերաբերյալ ՔՊ-ականները դեռ իրավաբանների հետ քննարկումներ են անցկացնում։ Պետք է լինի օրենք՝ Գյումրիում «ՔՊ հաղթանակն ապահովելու մասին»:

 

 

ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար եւ ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ԱԺ աշխատակազմից (փաստաթղթերը՝ ArmLur.am կայքում)։ Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երեւանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։ ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում: Իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից, Կենտրոն վարչական շրջանում տերմինալի եւ սուրճի սարքեր տեղադրելու համար, գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Կենտրոնի թաղապետարանից ում են իրավապահները ձերբակալել. նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում գործողություններ էին իրականացրել աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում։ Արդյունքում՝ ձերբակալվել են 4 անձինք, որոնցից 3-ը պաշտոնատարներ են։ Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց, որ պաշտոնյաները կալանավորվեցին։ Կալանավորվածներից մեկը առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էր նաեւ նրա տեղակալը ու եւս 2անձ։

 

 




Լրահոս