ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1-ին մասի 1-ին կետով, այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է. այս մասին տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

 

«Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու հանգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել

  1. Քրեական վարույթի դեռ մեկնարկային փուլում` ս/թ. մայիս ամսից, պաշտպանության կողմը թե՛ առանձին քննչական գործողությունների ընթացքում, թե՛ դատարանում խափանման միջոցի քննության նիստերի ժամանակ հետեւողականորեն հայտարարում էր, որ մինչեւ իսկ որեւէ կերպ չի վիճարկվում առկա փաստակազմը, այսինքն` վարույթ իրականացնող քննչական խմբի բերած փաստարկներից հենց ուղղակիորեն բխում է, որ այս գործում բացակայում է հանցակազմը, ինչն էլ ուղղակիորեն հաստատվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Այլ խոսքով` պաշտպանության կողմը հենց սկզբից նշում էր` վարույթ իրականացնողը Հայկ Շամիրյանի կողմից կատարված գործողությունները միանշանակ ճիշտ է ներկայացնում, սակայն անհասկանալի է` ինչպե՞ս է այդ գործողությունների մեջ հանցակազմ տեսնում. լավ է ուշ, քան երբեք` Հայկ Շամիրյանը հենց նույն վարույթ իրականացնողի որոշմամբ արդարացվեց։
  2. Չափազանց կարեւոր է նաեւ ընդգծել դատավոր Ռազմիկ Մարիկյանի դերը այս քրեական վարույթի ընթացքում, քանի որ մինչդատական վերահսկողության շրջանակներում հենց նա էր խափանման միջոցների քննությունն իրականացնող դատավորը, ով այդ իրարանցման, քննչական խմբի կողմից գործով հիմնավոր կասկածի եւ կալանքի հիմքերի առավել քան հիմնավորված լինելու հաստատումների ֆոնին, այնուամենայնիվ, ոչ միայն չկալանավորեց, այլեւ հետագայում առավել նվազ կերպով անձի ազատությունները սահմանափակող վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց։ Թեեւ պաշտպանության կողմը, ինչպես վերը նշեցի, այդ նիստերի ընթացքում եւս պնդում էր, որ կալանքի հիմքերի մասին խոսելն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, ամեն դեպքում հախուռն կալանավորումների այդ «շքերթ» օրերին դատավորը կարողացավ չշեղվել մասնագիտական բարձրությունից, կայացնել դատական ակտ` ելնելով սեփական ներքին համոզմունքից ու գործող օրենսդրությունից։

Հավելեմ նաեւ, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, եւս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։

Ամփոփելով` շուրջ կես տարի անց՝ քննչական կոմիտեում ունենք երկու արդարացում եւ այն դեպքում, երբ դեռ ամենասկզբից պնդում էինք` այս քրեական վարույթներով մինչեւ իսկ գործի քննության սկզբնական փուլում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը»,- գրել է նա։

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻՑ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Կենտրոնի թաղապետարանից ձերբակալված 4 պաշտոնյաները կալանավորվեցին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերոնշյալ անձանց կալանավորել են:

Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոնի թաղապետարանում գործողություններ են իրականացրել։ Հիշեցնենք, որ գործողություններն իրականացվել են թաղապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնում։

Իրավապահների կատարած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։

Ովքե՞ր են ձերբակալվածները եւ ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են ձերբակալվել Առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը եւ նրա տեղակալը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը, խմբով կաշառք ստանալու համար, Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։ Եվ ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ հակակոռուպցիոնը մտել է Կենտրոնի թաղապետարան ու գործընթաց սկսել:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ:

Քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն եւ իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, որ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ.-ն է, որը Գավառ քաղաքի բնակիչ է։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 




Լրահոս