Շոլցն արևմտյան առաջնորդներին պատմել է Պուտինի հետ հեռախոսազրուցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է գերմանական Bild թերթը։

«Պուտինի և Շոլցի զրույցը համաձայնեցվել էր նաև գործընկերների հետ, երբ հոկտեմբերի 18-ին Բեռլինում էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին տեղեկացվել էր նաև Վոլոդիմիր Զելենսկին»,- գրել է պարբերականը։

Bild-ը նշել է նաև, որ հեռախոսազրույցի նպատակն էր պարզել՝ արդյոք Պուտինը պատրաստ է բանակցություններին Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ում անցած ընտրությունների և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովի ֆոնին։

Թերթը հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում խոսել է գերմաներեն, սակայն ռուս առաջնորդը թարգմանչի կարիք չի ունեցել։ ՌԴ նախագահը խոսում էր ռուսերեն, ուստի գերմանական կաբինետի ղեկավարը ստիպված էր դիմել թարգմանչի ծառայություններին։

Ավելի վաղ Մոսկվան և Բեռլինը հայտնել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։




Լրահոս