ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նոր բացահայտումներ է արել այսօր տեղի ունեցած աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառների մասին:
Նա հայտարարել է՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկությունը կապված է եղել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի ճանապարհի ասֆալտապատման մասին վարչապետին սխալ զեկուցելու հետ, ինչի արդյունքում հենց Փաշինյանն էր հայտնվել քաղաքացիների քննադատությունների թիրախում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ սոցցանցում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ Բայանդուր գյուղի ճանապարհը վերանորոգված է, սակայն հենց այդ հրապարակման մեկնաբանություններում քաղաքացիները դժգոհել էին, որ ճանապարհն ամենեւին էլ չի վերանորոգվել։
«Հետո պարզվեց, որ քաղաքացիները ճիշտ էին, ճանապարհը գյուղի հատվածում կառուցված չէ»,-հայտարարել է Իոաննիսյանը:
Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհի հետ կապված եւս դժգոհություն հայտնել էր, ասելով՝
«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ծրագիրն այնպես էր, որ Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան:
Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան»:
Քրիստինա Մուշեղյան