ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օդի մեջ ինչ-որ իր էր, կարմիր խնձոր․ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով՝ թիկնապահի ցուցմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Քանաքեռ-Զեյթունում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով հարցաքննության է հրավիրվել նրա թիկնապահ Գրիգոր Մանուկյանը։ ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել նրա ցուցմունքը, թե նա ինչ է պատմել քննչական կոմիտեի քննիչներին:

Նա իր ցուցմունքում հայտնել է, որ աշխատում է ՀՀ ՊՊԾ առաջին բաժնի 2-րդ բաժանմունքի ավագ թիկնապահ: 2024 թվականի օոգստոսի 23-ին՝ ժամը 19:35-ի սահմաններում, ՀՀ վարչապետը գտնվել է Ռուբինյանց 2 շենքում, ինքը նույնպես գտնվել է Ռուբինյանց 2 հասցեի շենքի բակում եւ իրականացրել է նշված շենքի պահպանությունը։ Երբ ՀՀ վարչապետը վերոնշված շենքից դուրս է եկել եւ մոտենալիս եղել մեքենային, ինքը կանգնած է եղել ՀՀ վարչապետին սպասարկող եւ ուղեկցող մեքենաների մեջտեղում: Այդ ժամանակ նկատել է, որ ինչ-որ իր օդի մեջ շարժվում է դեպի իրենց ուղղությամբ։ Նշված իրը հարվածել է իրենցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ քաղաքացու մեքենայի, որից հետո իրենց ձախակողմյան հատվածում այդ իրը վայր է ընկել:

Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։

Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։

ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան։

Հիշեցնենք, որ դատաանում զրուցել էինք 71-ամյա պապիկի հետ, որը հայտնել էր՝ «Լավ եմ արել»։

Ինչով կավարտվի այս պատմությունը՝ կհետևենք քննության ընթացքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս