Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թ. փետրվարի 19-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը։
«Ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահի հրաժարականի օրվանից հետո եռամսյա ժամկետում: Ասլան Բժանիան հրաժարական է տվել, և խորհրդարանն այն ընդունել է նոյեմբերի 19-ին, և նշանակում է, որ ընտրություններն ըստ սահմանադրության պետք է տեղի ունենան եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև փետրվարի 19-ը։ Իսկ քանի որ ընտրություններն Աբխազիայում միշտ անցկացվում են հանգստյան օրերին, դա կարող է լինել կա՛մ շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, կա՛մ կիրակի՝ փետրվարի 16-ին», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա ընդգծել է, որ ընտրությունների օրը պետք է նշանակի խորհրդարանը:
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար, ինչպես նաև նախագահի հրաժարականը։