Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչության նիստին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով պետք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտահայտության համար, որը վերաբերում էր Հրաչյա Հակոբյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանին ուժային կառույցներից փաստարկված դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառույց իր տեղում չէ: Եվ զարմանալի զուգադիպությամբ նրա կողմից բերված փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը օգտագործել է:
«Ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տվեցի, արդյունք չկա… ես արդեն խորհրդակցություն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»:
Այս նիստից հետո ուժային կառույցների ղեկավարները շտապել են գործողություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սահմանել մայրաքաղաքում, քննչական մարմինների ղեկավարներն իրենց ենթականերից բացատրություններ են պահանջել, թե Փաշինյանին հետաքրքրող գործերում ինչու առաջընթաց չկա, ինչ խոչընդոտներ կան, որպեսզի պատրաստվեն Փաշինյանին զեկուցել իրավիճակի մասին: Քանի որ որեւէ ակնարկ անգամ չեն ստացել, որ պետք է հեռանան կարճ ժամանակում, կարծել են, թե Փաշինյանը վերջնաժամկետ է տվել իրենց՝ սխալները շտկելու եւ բացթողումները լրացնելու համար:
Եվ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքավանից անցնելով Դիլիջանով, հետո մասնակցելով հարսանիքի, Փաշինյանը կտրուկ զայրացել է, եւ ուժայինների մի շարք ղեկավարներ կեսգիշերին մոտ զանգ են ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում եւ հեռանալ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
«Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրություն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինյանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտոնները, ինչպես վարչապետը երեկ հայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի միջոցով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը փոխել է իր հեռախոսահամարը եւ կառավարության անդամների հետ սկսել է շփվել բացառապես ուղիղ կապով՝ սենյակից. խիստ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային նամակ է գրել, կամ հազվադեպ՝ ֆեյսբուքյան messenger-ով է կապվել:
Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմապրոֆիլ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել եւ տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Եվ ահա, նախարարը վերցրել է թուղթը եւ ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից. թե ինչու` պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անորոշ վիճակում են հայտնվել Հայաստանի 10 մարզերի մարզպետները, որոնք այս ընթացքում հասցրել էին հարաբերություններ կառուցել Գնել Սանոսյանի հետ: Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը եւ, ըստ այդմ, ովքեր պետք է ազատման դիմումներ գրեն՝ նաեւ մարզպետների պաշտոններից ազատվելու: Այնպես որ, պաշտոնանկությունները փոթորկել են նաեւ ՀՀ բոլոր մարզերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների: ՌԴ-ում բնակվող մեր ընթերցողներից մեկը օրերս մեզ է ուղարկել ՀՀ-ում հայտնի արտադրողի արտադրանք, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, որում տեսանելի է, որ կատարված է ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջը եւ հայկական ծխախոտի տուփի վրա առկա է գրաֆիկական նկար: Սակայն այդ նույն արտադրողը հայաստանյան շուկայում վաճառում է իր ապրանքն առանց նման նկարների: Նախորդ հրապարակումների ժամանակ ՊԵԿ մեր աղբյուրները հայտնել էին, որ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից՝ ներկայացնելով, թե ամբողջ տարի դեռ վաճառում է մինչ օրենսդրական կարգավորումներն արտադրած ու պահեստավորած ծխախոտ, իսկ ահա արտահանման պարագայում ուղարկում են արդեն «նոր» արտադրանք: Չգովազդելու համար առողջությանը վնասող արտադրանք՝ մենք չենք հրապարակում ծխախոտի տուփի լուսանկարը: Հույս ունենք, որ ՊԵԿ նոր ղեկավարությունն ավելի ուշադիր կլինի ոլորտին ու իրական կարգուկանոն կբերի:
Պաշտոնանկությունը կարող է ծնել նոր կոռուպցիա եւ «խնամի-ծանոթ-բարեկամի» մի նոր շղթա, քանի որ պաշտոնանկություններից հետո մշուշում արդեն իսկ նշմարվում են նոր թեկնածուների անունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանին կփոխարինի Նիկոլ Փաշինյանի քավոր (Տավուշի մարզպետ եւ ԱԺ պատգամավոր) Ղալումյանների հորաքրոջ որդին՝ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը:
Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ սնանկության դատարանի դատավոր: 2022 թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, բայց չի կառավարել իր ժամկետում, 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2024 թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Այսպիսով՝ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել իշխանականների սիրելի տոհմի ազգակից եւ ԲԴԽ նախագահի պաշտոնի հավակնորդ Արթուր Աթաբեկյանը։
Ըստ Աթաբեկյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ նա հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Ահատական բնակելի տունը եւ երկու հողամասը 2018 թվականին Աթաբեկյանը ժառանգություն է ստացել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը եւ ավտոկայանատեղին ձեռք են բերվել 2017 թվականին եւ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։
ԲԴԽ անդամ Աթաբեկյանը հայտարարագրել է տրանսպորտային մեկ միջոց՝ 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի, որը գնել է 2022 թվականին։ Նա ունի եւս մեկ մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 355 հազար դրամ, որը ավելի է տարեսկզբում առկա հաշիվների մնացորդից գրեթե 2 միլիոն դրամով։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 700 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից։ Աթաբեկյանի տարեկան եկամուտներում առկա դրամական միջոցները ստացվել են նաեւ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից՝ որպես Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Աթաբեկյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը մեկ ավտոկայանատեղու եւ երկու բնակարանների հիփոթեքի մայր գումարն է, որի համար էլ դատավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամուտ։ Եկամուտը ստացել է հիփոթեքային հարկերի վերադարձի օրենքի շնորիվ եւ մարել է հիփոթեքի մայր գումարի մնացորդը։
Դատավորի եւ նրա ընտանիքի կողմից հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 3 մլն 500 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղվել է 4 մլն 049 հազար դրամ։
ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միության անդամ է։
Սպասենք Նիկոլ Փաշինյանի վերադարձին Վատիկանից, որից հետո կա՛մ ազատ հաստիքներում նոր անձինք կնշանակվեն, կա՛մ էլի կսկսվի երկարատեւ «քասթինգ շոուն»: