«Գոյ» թատրոնի նստացույցը շարունակվում է։ Արդեն 16 օր է, ինչ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը նստացույց է իրականացնում թատրոնի դիմաց և պահանջում է վերականգնել արդարությունը, այինքն՝ իրենց ազատ ստեղծագործական աշխատանքը հենց «Գոյ» թատրոնում, այլ ոչ թե Սունդուկյանի անվան թատրոնում։
Հիշեցնենք, որ նստացույց «Գոյ» թատրոնը կազմակերպել է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ կազմակերպված նստացույցը դադարեցվեց այն պատճառով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում էր ունեցել թատրոնի ներկայացուցիչների հետ, սակայն չբավարարելով թատրոնի անձնակազմի պահանջները՝ այն վերսկսվեց։
Այսպիսով, «Գոյ» թատրոնը մինչ օրս պայքարում է իր իրավունքների համար, սակայն ոչ մի կառույց չի բավարարում թատրոնի առաջ քաշած պահանջները։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գոյ» թատրոնի կողքին են կանգնած շատ այլ դերասաններ, ովքեր կիսում են թատրոնի հոգսը։
«Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմի պահանջին են միացել՝ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, Ժաննա Բութուլյանը, դերասան Կարեն Հովհաննիսյանը, Մուրադ Նադիրյանը և այլ հայտնի դեմքեր։
Հավելենք նաև, որ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստն է։ Այդ պատճառով էլ սոցհարթակներում սկսվել են արշավներ՝ «Դատարանից ակնկալում եմ արդարություն» գրություններով։
Աննա Սրապիոնյան