Ո՞Վ Է ԴԻՄԵԼ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ՝ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՔՐԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաեւ այլ գործով, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտյան, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, եւ այդ ընթացքում երկու քաղաքացիները պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը անխոչընդոտ կազմակերպելու համար:

Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:

Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն փորձում է պարզել, թե ով է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով: ՔՊ-ականները հրաժարվում էին հայտնել կամ խոստովանել, թե ով է միջամտել քրգործի ընթացքին: Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրները հայտնում են` երկու անգամ դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, դիմել է քննիչին, ապա Քյարամյանի տեղակալին եւ համոզել նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:

Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին. Այվազյանը դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում:

Այս իրավիճակում ՔՊ-ական պատգամավորի արարքի ենթադրյալ քրեական ծանրությունը չի պակասում: Նա, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի այդ, քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր  դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն:

 

 

 

 

Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների եւ կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է: Կհարցնեք՝ ի՞նչ կապ ուներ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած պառլամենտական քննարկումը, «ուժայիններին գլխատելու» պրոցեսի հետ. բացատրենք: Ճակատագրական նոյեմբերի 17-ի կիրակի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը հարսանիքից հետո հրահանգել էր իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տեղեկացնել 6 պաշտոնյաներին, որ պետք է առավոտյան ազատման դիմումներ գրեն,  իշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխկապակցված  Radar Armenia-ն հայտնեց, որ ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը։ Այսինքն՝ կուսակցությունում արդեն գիտեին, որ ուժայիններին պատժելուն զուգահեռ նաեւ խորհրդարանականները պետք է պատժվեն: Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը. նա ամբիոնից կշտամբել էր Արգիշտի Քյարամյանին թե՝ Ձեր աշխատասենյակում չեք, որ նման ժեստիկուլյացիայով եք խոսում պատգամավորների հետ: Բացի այդ, նա ոչ խոսափողի մոտ, բայց օգտագործել էր նաեւ «սեւ շորերով պատգամավորի», իսկ իրականում ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի բառապաշարը՝ «կուռաժիտ լինելու» մասին, ինչը չներվեց Զեյնալյանին: ՔՊ-ն համարում է, որ Զեյնալյանը խախտել է պատգամավորի վարքականոնի մասին ՀՀ օրենքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա պետք է հեռանա: Նարեկ Զեյնալյանը, իհարկե, չի դիմադրել եւ անմիջապես ենթարկվել է Փաշինյանի պահանջին՝ ներկայացնելով մանդատից հրաժարվելու դիմում. բայց եւ նեղ շրջապատում դժգոհել է, թե ՔՊ պատգամավորներ կան՝ այնպիսի արարքներ են թույլ տվել ու անպատիժ մնացել, որ տարակուսելի է, թե ինչու հենց ինքը պետք է պատիժ կրեր:

Նա հերթով հիշել է թե՝ Արթուր Հովհաննիսյանը խայտառակ վարքագիծ դրսեւորեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստում, չպատժվեց, Հակոբ Ասլանյանը հայհոյեց Եռաբլուրում, չպատժվեց, Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, չպատժվեց եւ այլն:

Նա հարցը քննարկել է նաեւ իրեն ՔՊ թիմ բերած ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով եւս տարակուսել է, որ ՔՊ-ականներին այնպիսի աններելի բաներ են ներվել, որ Զեյնալյանին հեռանալ պարտադրելը անարդար է: Բայց ահա  այդպիսի զգացումներով՝ Զեյնալյանը հեռացել է:

 

 

 

Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը վերջերս խմբակցության փակ նիստերից մեկի ժամանակ թեժ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ կանանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին. նիստին ներկա ՔՊ-ականները մի կերպ են սաստել նրանց, որպեսզի մեծ վիճաբանություն չլինի։ Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանն էլ, պատժից խուսափելու, միջադեպը կոծկելու համար, որ հարցը հանկարծ չհասնի ՔՊ վարչություն եւ Փաշինյանն իրենց էլ «չարժանացնի» Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի ճակատագրին, ԱԺ-ից դուրս խոսել են իրար հետ, փորձել խնդիրները հարթել։ Բայց խմբակցության կանայք բարկացած են, քանի որ հայհոյախառն արտահայտությունները իրենց ներկայությամբ են հնչել: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա մեր զանգին չպատասխանեց, Քոչարյանը՝ եւս: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ ե՛ւ Հրաչյա Հակոբյանը ե՛ւ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար:

 

 

 

Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երեւանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։ Այսպիսով՝ նորանոր նվաճումներ է արձանագրում «Թավշյա հեղափոխությունը». ցավոք՝ միայն հեղափոխականների համար։ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երեւանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։ Մի քանի ամիս անց, արդեն որպես ԱԺ պատգամավոր Եղիազարյանը ձեռք է բերել Երեւանում բնակարան 1/4 համամասնությամբ, 36 միլիոն դրամ արժեքով՝ ենթադրենք 9 միլիոն դրամ մեկ անձի հաշվով։ Ուշագրավը այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը` ըստ էության վաճառողը, Երեւանի քաղաքապետարանն է։ Այսինքն՝ պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով: Երբվանից է քաղաքապետարանը բնակարաններ վաճառում ՔՊ-ականներին` հայտնի չէ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ այս հարցը ճշտի ու հետեւություններ անի:

 

 




Լրահոս