«Ժողովուրդ» օրաթերթը հերթական ահազանգն է ստացել ապօրինի շինության մասին, որը դարձել է պատուհաս բնակիչների համար։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 7/1 հասցեում գտնվող շենքի տանիքում, ըստ մեզ դիմած քաղաքացիների, իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ։
Փաստաբան Կարեն Քալանթարյանը, ով զբաղվում է այս խնդրով, «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ մոտ 2-3 տարի է, ինչ տուժածները չեն կարողանում բարձրանալ իրենց տանիք, քանի որ այն ապօրինաբար փակ է եղել՝ կողպված։
«Ինձ դիմել է ԱՄՆ քաղաքացի, ով ազգությամբ հայ է, ասում է, որ տեւական ժամանակ է՝ մոտ 2-3 տարի, չեն կարողանում բարձրանալ իրենց տանիք, քանի որ ապօրինաբար փակ է։ Իրենք ապրում են հենց շենքի վերջին հարկում։ Սակայն վերջին ժամանակահատվածում իրենց տան կախովի ֆրանսիական առաստաղներից ինչ-որ հոտ են զգացել, քանդել են այդ կախովի առաստաղները եւ տեսել, որ ամբողջ առաստաղը ջրի մեջ կորած է։ Դիմել են մի շարք կազմակերպությունների՝ քաղաքապետարանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին եւ այլ տեղեր, սակայն մնում են անպատասխան. ստիպված վերջում գրում են նամակ վարչապետի աշխատակազմին»,- ArmLur.am-ին պատմեց փաստաբանը։
Քալանթարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին դիմելուց հետո աշխատակազմը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություն է տվել, որպեսզի պարզեն ամբողջ եղելությունը։
«Վարչապետի աշխատակազմը հանձնարարություն է տալիս, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում: Քաղաքաշինության համապատասխան ստորաբաժանման կողմից գալիս է մի գրություն, որ կա ինքնակամ կառույց այդ շենքի տանիքի վրա, որը քաղաքացիների տան վրա է ուղիղ, եւ որը մի շարք խոչընդոտներ, վտանգներ է առաջացնում թե՛ շենքի, թե՛ շենքի բնակիչների համար։ Այդ նամակը հասցեագրվում է քաղաքապետին։ Քաղաքապետարանն անգործություն դրսեւորելով ոչինչ չի անում, մակագրում է համայնքին։ Այս խեղճ մարդկանց կանչում են ու մեծ սկանդալ է դառնում թե՝ ինչո՞ւ եք վերջին հարկում տուն գնել, մենք օրական 10 նման նամակ ենք ստանում եւ տասնյակներով նման դեպքերի առնչվում։ Ռեալ անգործություն է,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբան Քալանթարյանը նաեւ ասաց, որ տուժած բնակիչները օրական 5 դույլ ջուր են տանից հանում եւ անելանելի իրավիճակում են։
«Ոչ մի կառույց ոչ մի կերպ լուծում չի կարողանում տալ այն պարագայում, որ քաղաքաշինության պատասխանի մեջ հստակ գրված են շատ հանգամանքներ։ Մենք դատական պրոցես կսկսենք, այդ ամենը կանենք, բայց այս գործընթացը երկար տարիներ կշարունակվի, իսկ այդ մարդիկ տվյալ պայմաններում պետք է ապրեն, փաստորեն»,- նշեց փաստաբանը։
Նշենք նաեւ, որ փաստաբանը «Ժողովուրդ» օրաթերթին է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացած նամակը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ շենքի տանիքում իրականացվել է ինքնակապ երկաթ բետոնե եւ մետաղական կոնստրուկտիվ աշխատանքներ, ինչպես նաեւ հատակների սալիկապատում։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձեց կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ քաղաքացիների խնդրին լուծում չի տրվում, սակայն երկրորդ օրն է, ինչ մեր զանգերը մնում են անպատասխան։
Դիմել ենք նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին՝ պարզաբանելու համար՝ ինչու են թույլատրել ապօրինի շինարարություն իրականացնել, որտեղից մեզ պատասխանեցին, որ հարցը գտնվում է համատիրության տիրույթում եւ իրենք եւս պահանջել են պարզաբանում այդ հարցով։ Պատասխան ստանալու դեպքում կարձագանքեն։
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԻՆ
Նոյեմբերի 1-ին` ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջեւանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետեւանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, ով կատարվածի վերաբերյալ մայրիկի եւ մանկավարժի ներկայությամբ հայտնել է։ Նա պատմել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակում էլ. ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, ապա տարել է դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ.-ի աշխատասենյակ եւ 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենակ Ա.-ն, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման եւ կից փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Նոյեմբերի 11-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին` նրանից հարցնելով. «նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի է ունեցել Աչաջրի միջնակարգ դպրոցում։ Դեպքից անցել է 10 օր, Տավուշի մարզպետարանը, որպես դպրոցի վերադաս պետական կառույց, կատարվածի վերաբերյալ քննություն կատարե՞լ է, եթե այո, ի՞նչ եք պարզել, ովքե՞ր են մեղավոր կատարվածի համար, 9-րդ դասարանցուն բազմիցս հարվածած, կապտուկներ առաջացրած, Աչաջրի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Արմենակ Ասիլբեկյանը եւ այդ դպրոցի տնօրեն Ստելլա Փիրումյանը, ում աշխատասենյակում եւ ում ներկայությամբ փոխտնօրենը հարվածել է 9-րդ դասարանցուն մարզպետարանի կողմից պատասխանատվության ենթարկվե՞լ են»։ Մարզպետարանից հարցմանը պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզի «Աչաջուր գյուղի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած դեպքը առաջին օրվանից գտնվում է իրավապահ մարմնի տիրույթում: Այս պահին դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ավարտից հետո Ձեզ կպատասխանենք»։