ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահը ՀՀ Ֆինանսների նախարարի արդեն նախկին տեղակալ Էդուարդ Հակոբյանն է։
Անկուսակցական, 33-ամյա Հակոբյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ից։
Էդուարդ Հակոբյանը 2013-ից Ֆինանսների նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ։
Էդուարդ Հակոբյանը Ֆինանսների նախարարությունում, ասել է թե, նախկինների ժամանակներից է աշխատում և նրանց «աճեցրած» կադրն է։
Հակոբյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տնտեսագիտության թեկնածու է, իսկ Ատենախոսության թեման եղել է Պետության պարտքային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա։
Էդուարդ Հակոբյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրի և մագիստրոսական ծրագիրը սովորել և ավարտել է գերազանցությամբ։
Էդուարդ Հակոբյանը մի շարք միջազգային ծրագրերի է մասնակցել ԱՄՆ-ում Բոստոնում Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր դպրոցում, Վիեննայի միացյալ ինստիտուտում Ավստրիայում, Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծություն DSGE մոդելներով ծրագրին և այլ ծրագրերի տարբեր երկրներում։
Այսպիսով, ինչ ունեցվածք ունի ՀՀ ՊԵԿ նոր նախագահը։
Էդուարդ Հակոբյանը որպես Ֆինանսների փոխնախարար ներկայացրել է 2023 թվական անշարժ գույք, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի՝ Հակոբյանը 2020 թվականին, երբ ՀՀ ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն էր, ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի Երևան քաղաքում։
Նախարարի նախկին տեղակալը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հակոբյանը հայտարարգրել է մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
Բանկային հաշիվների մնացորդներըը կազմել են 4 մլն 310 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ։
ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 987 հազար դրամ, որից 19 մլն 933 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Եկամուտներից 22 հազար 058 դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, իսկ 3 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է, որ ստացվել է ՀՀ Տնտեսագիտական պետական համալսարանից, որտեղ դասախոս է։ Եկամուտներից 29 հազար 186 դրամը ապահովագրական հատուցում է «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-ից։
Հակոբյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 337 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 452 հազար դրամ։
Էմմա Միքայելյան