Արդեն մի քանի օր է, ինչ ավարտվել է բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի ժամանակ հայ մարզիկները մրցույթն ավարտել էին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում 2 օր՝ նոյեմբերի 20-21-ը հնչել է Թուրքիայի օրհներգը, իսկ Հայաստանի օրհներգը այս օրերի ընթացում հնչել է 1 անգամ: Այսինքն, հայրենի իշխանությունների պնդաճակատության պատճառով, որ մրցույթին չներգրավվեցին պրոֆեսիոնալ մարզիկների, թուրքական կողմին հաջողվեց ՀՀ-ում հնչեցնել իրենց օրհներքը: Իսկ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ինչպես միշտ իր տեղում չէ, իսկ իր ոլորտում միշտ բարձիթողի վիճակ է:
Հիմա խոսենք, փաստերով: Եվ այսպես.
Ազատ ոճի ըմբշամարտում մի շարք քաշային կարգերում մեր առաջին համարները փոխարինվել են ավելի պակաս փորձառու մարզիկներով, ինչը, ի վերջո, անդրադարձել է թիմային ընդհանուր արդյունքի վրա:
• 57 կգ քաշային կարգ
Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Արման Հարությունյանը, ով միավոր չի բերել:
• 61 կգ քաշային կարգ
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Սարգիս Բեգոյանով, ով առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:
• 65 կգ քաշային կարգ
Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, փոխարինվել է Անդրանիկ Ավետիսյանով, ով առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն:
• 70 կգ քաշային կարգ
Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի գործող չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Արտավազդ Հարությունյանով, ով պարտություն է կրել:
• 92 կգ քաշային կարգ
Կնյազ Իբոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը Մուշեղ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ:
• 97 կգ քաշային կարգ
Գուրգեն Սիմոնյանը չի մասնակցել, և այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել:
Հունահռոմեական ըմբշամարտում ևս մի շարք քաշային կարգերում մեր առաջատարները դուրս չեն եկել մրցահարթակ՝ փոխարինվելով իրենց քաշային կարգին չհամապատասխանող մարզիկներով:
• 77 կգ քաշային կարգ
Մալխաս Ամոյանը՝ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Աշոտ Խաչատրյանը, ով սովորաբար հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում: Աշոտ Խաչատրյանը 3-րդ տեղն է զբաղեցրել:
• 87 կգ քաշային կարգ
Գևորգ Թադևոսյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Կարեն Խաչատրյանը՝ 82 կգ քաշային կարգի ըմբիշ, ով այս առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
• 97 կգ քաշային կարգ
Վիգեն Նազարյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, չի մասնակցել, և այդ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունեցել:
Ի դեպ, Թուրքական լրատվամիջոցներում նշվում է, որ իրենց ազգային մարզիկները նվաճել են 8 մեդալ, որից 2-ը ոսկե:
ArmLur.am-ը կապ հաստատեց մարզիչ Ավետիկ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այդքան քննադատություններից հետո հայ մարզիկները արդարացրել են սպասված արդյունքները, թե ոչ:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մարզիկները իրենց հնարավորության սահմաններում արել են ամեն բան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-22-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի նախօրեին հայտնի էր դարձել, որ հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցելու: Խոսքը ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գևորգ Թադևոսյանի, Կնյազ Իբոյանի մասին էր:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան