Առաջին ձյունն այս տարի կարծես թե ժամանակից շուտ եկավ։ Եղանակը երեկ անակնկալ մատուցեց, սակայն հաճելի էր այն միայն փոքրիկների համար, իսկ վարորդների համար, որոնք օրինակ Լարսից պետք է գային Հայաստան, միանշանակ չստացված և տհաճ անակնկալ էր։
Երեկ Հանրապետության որոշ հատվածներում, ներառյալ մայրաքաղաք Երևանում տեղացել է ձյուն։
Առավոտյան ժամը 09։00-ին, ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ Աշոցքում բուք է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը նույնպես դժվարանցանելի է, իսկ տեղ-տեղ էլ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար։
Նշենք, որ Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը 30-40 սանտիմետրի է հասնում։
Երեկ ձյունն այնքան առատ է տեղացել, որ երեկ երեկոյան և այսօր կատարվում են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, նշենք, որ ձյուն տեղացել է Նոր Նորքի զանգվածում, Սարի թաղում, Զեյթունում, Աջափնյակում և այլ վարչական շրջաններում։ Չնայած նրան, որ մայրաքաղաքում ևս ձյուն է տեղացել, այն շատ արագ հալչել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան