Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ինքնակամ ներկայացել են դատարան․ դատարանում նաև ոստիկաններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը ժամանել են դատարան:

Դատարանում նաև ոստիկաններ կան:

Նիստը սկսվելուն պես դատավորը հարցրեց․ «Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է»։ Քոչարյանն ասաց՝ հարցը չի հասկանում, պնդող հարցին ի պատասխան՝ ասաց՝ ազատությունը չի սահմանափակվել:

Չի սահմանափակվել նաև Օհանյանի, Խաչատուրովի ազատությունը:

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ նոյեմբերի 28-ի նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները հայտարարել էին, թե իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:




Լրահոս