ArmLur.am-ի զրուցակիցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որը մտադիր է Գյումրու համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։
-Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում, կարծես, խաղի կանոններ է փոխում։ Նախ հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Կարեն Սարուխանյանն է, հիմա էլ ասում են, որ ՔՊ-ն պետք է նախնական ընտրություններ անի ու համայնքապետի ԺՊ ընտրի։
-Ես չեմ ճանաչում Կարեն Սարուխանյանին, սպասում եմ, տեսնեմ՝ ի՞նչ են անելու։
Չգիտեմ, ինչ կադրեր ունեն, Գյումրու ՔՊ կառույցում այնպիսի մարդ չկա, որ 10-ից ավել ձայն ունենա։
-Դե իշխանությունների հիմնական թեկնածուները նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է՝ վարչապետի տիկնոջ ազգականը ու Կարեն Սարուխանյանը։
-Շատ ուժեղ են, հալալ լինի, Վահագն Մկրտչյանին ճանաչում եմ, նրա ընտանիքին, լավ մարդիկ են։
-Պարո՛ն Ղուկասյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանկարծ մտափոխվեց ու որոշեց ԺՊ նշանակել։
-Ես ի՞նչ իմանամ, ինչ լինում է իրենք Ձեզ են ասում, ամեն ինչ Ձեր տակն է։
Մի բան գիտեմ, որ Գյումրում քաղաքապետերին մտնում, հարցնում էին՝ ո՞նց եք, ասում էին՝ էգուց կուգաք կասեմ, այսինքն՝ պետք է տերերին հարցնեին, նոր պատասխանեին, ժողովուրդը անունները դրել էին «էգուց կուգաք, կասենք»։
-Իսկ Ձեր շանսերը ո՞նց եք գնահատում, ըստ Ձեզ՝ որքա՞ն ձայն կհավաքեք։
-Եթե դրեցի, միանշանակա 50 տոկոս կհավաքեմ, դա քիչ է անգամ, դրա համար ամեն ինչ անում են, որ ընտրություններ չլինի, հետո ամեն ինչ կանեն, որ իմ ճանապարհը փակեն, գլխիս սարքեն։
-Այսինքն Ձեզ վրա ճնշումնե՞ր կգործադրեն։
-Ինչ ասես՝ կանեն, կապրենք՝ կտեսնենք՝ ինչ բան է դեմոկրատիան, ամեն ինչ էլ հնարավոր է, մինչ հիմա գիշեր-ցերեկ դատ ու դատաստանի մեջ եմ, բայց պետք է գնամ մինչև վերջ։ Ես իրենցից չեմ վախում, միայն Աստծուց եմ վախում։
-ՔՊ-ն էլ է բայց վստահ, որ հաղթելու են, ո՞նց եք պայքարելու իրենց դեմ։
-Շատ լավ է, թող դնեն իրենց թեկնածությունը, կուզեի՝ Բալասանյանն էլ առաջադրեր։
-Ինչո՞ւ, ուզում եք հաղթե՞լ բոլորին։
-Կտեսնեինք՝ ով, ով է։ Մեր կուսակցությունը գիտե՞ք, որով մասնակցելու ենք ընտրություններին ՝ «ԲՔ», հապավում է։
-Իսկ ի՞նչ է նշանակում այդ հապավումը, ինչպե՞ս է բացվում այն։
-Գաղտնիք է, հետո կասեմ։
Քրիստինա Մուշեղյան