Թեհրանը կոչ է անում վճռական համատեղ գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է համատեղ, վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով վերջին օրերին սիրիական Հալեպ և Իդլիբ քաղաքների մերձակայքում ստեղծված իրադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունից հետո Իրանը կոչ է անում վճռական, համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը ողջ տարածաշրջանում», – հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նա նշել է, որ վերջին օրերին Սիրիայում ահաբեկիչների ձեռնարկած գործողություններն «իսրայելցիների և ԱՄՆ-ի մշակած սխեմայի մի մասն են՝ Արևմտյան Ասիայում իրադրությունն ապակայունացնելու համար»։

Բաղային զգոնության և ջանքերի համակարգման կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես Սիրիայի հարևաններին՝ «այս վտանգավոր դավադրությունը չեզոքացնելու համար»։

Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնել է Իրանի շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանը և ժողովրդին։

Հալեպի և Իդլիբի նահանգներում սիրիական զինված ուժերի և հակակառավարական կազմավորումների միջև մարտեր են ընթանում։

«Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի երեկոյան հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել մեծ թվով ահաբեկիչներով, ծանր զինատեսակներով՝ հարձակվելով խաղաղ գյուղերի, քաղաքների և այս տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա»,- հայտարարել է Սիրիայի բանակը:

 




Լրահոս