Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցվել է Ուդի համայնքի տնօրինությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։
Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:
Մինչդեռ Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականությունների մեջ եւ մասնագիտական աշխատություններում:
Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադեւոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության՝ վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։
«Մինչեւ 12-րդ դարը վանքի պատմության եւ շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգեւոր եւ մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ. սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «…այրեաց եւ զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք…»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաեւ Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել եւ ավերվել է նաեւ Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։ Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո եւ նրանց հոգեւոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային եւ աշխարհիկ շինությունները, ինչպես նաեւ կառուցվել նորերը, ինչի արդյունքում եւ հիմնականում ձեւավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։
Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային եւ աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային եւ ստորին՝ հարավային դարավանդների վրա եւ ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաեւ պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արեւմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի եւ գտնվում է հարավարեւմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը»:
Աղբյուր՝ monumentwatch.org