«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որը մտադիր է Գյումրու համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։
-Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, կարծես, խաղի կանոններ է փոխում։ Նախ հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Կարեն Սարուխանյանն է, հիմա էլ ասում են, որ ՔՊ-ն պետք է նախնական ընտրություններ անի ու համայնքապետի ժ/պ ընտրի։
-Ես չեմ ճանաչում Կարեն Սարուխանյանին, սպասում եմ՝ տեսնեմ՝ ինչ են անելու։
Չգիտեմ, ինչ կադրեր ունեն, Գյումրու ՔՊ կառույցում այնպիսի մարդ չկա, որ 10-ից ավելի ձայն ունենա։
-Իշխանությունների հիմնական թեկնածուներն են նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի տիկնոջ ազգականը, ու Կարեն Սարուխանյանը։
-Շատ ուժեղ են, հալալ լինի, Վահագն Մկրտչյանին ճանաչում եմ, նրա ընտանիքին՝ եւս, լավ մարդիկ են։
-Պարո՛ն Ղուկասյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանկարծ մտափոխվեց ու որոշեց ժ/պ նշանակել։
-Ես ի՞նչ իմանամ, ինչ լինում է՝ իրենք Ձեզ են ասում։ Մի բան գիտեմ, որ Գյումրիում մտնում, քաղաքապետերին հարցնում էին՝ ո՞նց եք, պատասխանում էին. «էգուց կուգաք՝ կասեմ»: Այսինքն՝ պետք է «տերերին» հարցնեին, նոր պատասխանեին. ժողովուրդը անունները դրել էր՝ «էգուց կուգաք, կասենք»։
-Իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ որքա՞ն ձայն կհավաքեք։
-Եթե թեկնածությունս դնեմ, միանշանակ 50 տոկոս ձայն կհավաքեմ, դա քիչ է անգամ, դրա համար ամեն ինչ անում են, որ ընտրություններ չկայանան, հետո ամեն ինչ կանեն, որ իմ ճանապարհը փակեն, գլխիս սարքեն։
-Այսինքն՝ Ձեզ վրա ճնշումնե՞ր կգործադրեն։
-Ինչ ասես՝ կանեն, կապրենք՝ կտեսնենք, թե ինչ բան է դեմոկրատիան. ամեն ինչ էլ հնարավոր է: Մինչեւ հիմա գիշեր-ցերեկ դատ ու դատաստանի մեջ եմ, բայց պետք է գնամ մինչեւ վերջ։ Ես իրենցից չեմ վախենում, միայն Աստծուց եմ վախենում։
-ՔՊ-ն նույնպես վստահ է, որ հաղթելու են, ո՞նց եք պայքարելու իրենց դեմ։
-Շատ լավ է, թող դնեն իրենց թեկնածությունը, կուզեի՝ Բալասանյանն էլ առաջադրեր։
-Ինչո՞ւ, ուզում եք հաղթե՞լ բոլորին։
-Կտեսնեինք՝ ով ով է։ Մեր կուսակցությունը, որով մասնակցելու ենք ընտրություններին, հապավում է՝ «ԲՔ»։
-Իսկ ի՞նչ է նշանակում այդ հապավումը, ինչպե՞ս է բացվում այն։
-Գաղտնիք է, հետո կասեմ։
Հիշեցնենք, որ Համայնքապետի ընտրությունների օրը դեռ անորոշ է, փոխարենը շատ են թեկնածուները, ովքեր հավակնում են դառնալ Գյումրու քաղաքապետ։
Քաղաքապետի պաշտոնը կռիվ է գցել հատկապես ՔՊ-ի դուռը։
Այսպիսով, թեեւ իշխանությունը դեռ նոյեմբերի 14-ին հայտարարել էր, որ Գյումրիում իրենց քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է լինելու, բայց թմրանյութի նրա թեստի աղմկահարույց բացահայտումներից հետո, փաստորեն, Փաշինյանը փոշմանել է ու մերժել է Սարուխանյանին՝ հերթական սկանդալը հանդարտեցնելու համար։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչ համայնքապետի ընտրությունները ՔՊ-ն դեկտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին նախնական ընտրություններ կկազմակերպի քաղաքապետի ժ/պ ընտրելու համար, ընտրությունների արդյունքում ընտրված թեկնածուն էլ արդեն կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։