ԳԵՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:

 

Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարության շուրջ պարզաբանումներ ստանալու համար լրատվամիջոցները հարցումներ են ուղարկել Հայաստանի արտաքին գործերի եւ շրջակա միջավայրի նախարարություններ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ»,-նշել են շրջակա միջավայրի նախարարությունից՝ միաժամանակ հավելելով, որ  ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում մշակվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների պլանը եւ գետերի ծանրաբեռնվածության հաշվարկման գործիքը։

«Արդիականացման ընթացքում է Ախուրյան գետի վրա գտնվող 2 հիդրոլոգիական դիտակետ, նախատեսվում է արդիականացնել նաեւ Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը», – եզրափակել են նախարարությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւս շեշտել է, որ անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ, միեւնույն ժամանակ հայտնել, որ իր տեղեկություններով՝ թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջեւ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ: Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է միջազգային եւ տարածաշրջանային համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում շահագրգիռ երկրների հետ, որոնք հանձնառու են բարեխիղճ ու կառուցողական կերպով իրագործելու միջազգային իրավունքից, այդ թվում՝ բնապահպանական կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունները: Մասնավորապես, Հայաստանն արդյունավետ կերպով համագործակցում է հարեւան Վրաստանի, Իրանի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն՝ թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջեւ», – նշված է ԱԳՆ-ի պատասխանում:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին նոյեմբերի 12-ին X-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ Երեւանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:

«Ադրբեջանի եւ Հայաստանի հիդրոլոգների եւ ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի վրա», – նշված էր Մարկ Լիբբիի գրառման մեջ։




Լրահոս